ՄԻՊ-Ը, ՍԵՄԻՆԱՐՆ ՈՒ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթեթին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաեւ հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ քննարկումների հարթակ:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը եւ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունը բացառիկ կարեւորություն ունի:

«Շատ կարեւոր է, որ սահմանադրական արդարադատության համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը կարողանանք իրականացնել բացառիկ պրոֆեսիոնալիզմով եւ որակյալ, ինչը հնարավոր է միայն նման նախաձեռնությունների արդյունքում ձեւավորվող երկխոսության արդյունքում»,- ասել է Պաշտպանն իր բացման խոսքում:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նաեւ իր հանձնառությունը Պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան կատարելագործելու հարցում, քանի որ միայն որակյալ դիմումներ ներկայացնելն ու ակտեր ունենալը բավարար չեն, կարեւոր է այդ ակտերի իրացման պրակտիկան:

Որպես բանախոսներ Պաշտպան Անահիտ Մանասյանը եւ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պատասխանել են երկու կառույցների աշխատակազմի ներկայացուցիչների հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ աշխատաժողովի շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՍԴ դիմելու կարգին, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին, այդ դիմումներին ներկայացվող պահանջներին ու դրանց ընդունելիության չափանիշներին:

Աշխատաժողովի ավարտին բանախոսները վստահություն են հայտնել, որ երկխոսության մշակույթն ու հարթակը շարունակական կլինեն, արդյունքում կառույցների փոխգործակցությունն առավել արդյունավետ կդառնա:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,-գրել է նա։

 

 

 

15 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ընթերցվել է դատավճիռ, ըստ որի՝ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին մեղադում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու համար»։

 

 

 

ՄԱՀՎԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովի պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու վերաբերյալ:

«Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը:

 

 

 

ԼՂ-ԻՑ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար:

Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում։

«ՌԴ խաղաղապահները եւս մեկ դիտակետ են փակել Շուշիի շրջանում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 10 դիտակետ եւ 16 ժամանակավոր դիտակետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին վկան հայտնի է. նա արդեն հրավիրվել է դատարան։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս Պաշտպանության բանակի զինվորական Սերյոժա Իվանյանն է, մասնակցել է Շուշիի մարտերին։ Գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու վկաները՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատած վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է: Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է: Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թվականի սեպտեմբերին։

 

 

 

ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները հայտնվել են անելանելի վիճակում Արցախում 44-օրյա պատերազմի առթիվ հարուցված, ինչպես նաեւ Արցախում բենզինի պայթյունի եւ այլ քրեական վարույթներով։ Բանն այն է, որ երբ հրապարակային անդրադառնում են այս դեպքերին, հակառակորդը միջազգային կառույցներում շահարկում է այն հարցը, թե ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած դեպքերի հետ, որ քննություն իրականացնի:

 

 




Լրահոս