ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Այգեհովիտ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ կիրառելու դեպքի հանգամանքերը:

 

2023թ. նոյեմբեմրի 04-ին՝ ժամը 13:19-ին, «Իջեւան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Նույն օրը Այգեհովիտ գյուղի բնակիչը Ոստիկանությունում  հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր համագյուղացին կրակել է Այգեհովիտի մեկ այլ բնակչի՝  25-ամյա երիտասարդի ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրական վարույթ։ Կատարվել են դեպքի վայրի զննություն, խուզարկություններ, նշանակվել են դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարված քննչական, վարութային եւ այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2023թ. նոյեմբերի 04-ին՝  ժամը 12:30-ի սահմաններում, Այգեհովիտ  գյուղի երկու բնակիչներ հիշյալ գյուղի հանդամասում փայտանյութի մասնատման հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո նրանցից մեկը՝ 62-ամյա տղամարդը, հեռացել է։ Կարճ ժամանակ անց վերջինս վերադարձել է հրազենով եւ 25-ամյա համագյուղացու նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող հրազենով 2 անգամ նշանառու կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ երիտասարդին պատճառելով միջանցիկ հրազենային վնասվածքներ:

Հանցագործությունը 62-ամյա տղամարդը ավարտին հասցնել չի կարողացել, քանի որ դեպքի վայրում գտնվող Այգեհովիտի մեկ այլ բնակչի կողմից երիտասարդին ցույցաբերվել է բուժօգնություն:

Նշենք, որ 2023թ. նոյեմբերի 4-ին 62-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Հավելենք, որ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

 

 

9 ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎ 35 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ավարտվել է Երեւանի 27-ամյա բնակչի կողմից մի շարք բնակարանային գողությունների, խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 27-ամյա երիտասարդի կողմից կատարված գողության մոտ երեք տասնյակ դեպք: Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիս-հուլիս ամիսներին հիշյալ երիտասարդը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, վարձակալելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար եւ այլ իրեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս: Բացի այդ, 2021թ. տարբեր ամիսների 27-ամյա երիտասարդը հափշտակել է Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների մի շարք փողոցներում կայանված՝ «Լեքսուս», «Տոյոտա» եւ այլ մակնիշի 35 ավտոմեքենաների հայելիները: Հիշյալ բնակարաններից եւ ավտոմեքենաներից երիտասարդի կողմից կատարված գողությունների հետեւանքով քաղաքացիներին պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ:

Հավելենք, որ քննությամբ բացահայտվել են նաեւ հիշյալ երիտասարդի կողմից կատարված խարդախության դեպքեր: Մասնավորապես, սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով երկու քաղաքացիների հետ՝ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել նրանցից մեկի կողմից վաճառվող ոսկյա զարդերը մեկ այլ անձի անվամբ գրավ դնելու եւ գրավադրված զարդերի արժեքի չափով գումարը նրան վերադարձնելու, իսկ մյուսի կողմից վարձակալությամբ տրվող խաղային համակարգիչը վարձակալելու վերաբերյալ: 2020թ. մայիս ամսի տարբեր օրերի հանդիպելով հիշյալ քաղաքացիների հետ՝ երիտասարդը վերցրել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.002 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը եւ 260.000 ՀՀ դրամ արժողությամբ խաղային համակարգիչը եւ, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 ՀՀ դրամի վնաս: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (9 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով եւ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ՊԱՀԵԼ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արագածոտն գյուղի խաչմերուկում, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի Ջրառատ գյուղի 20 եւ 28 տարեկան երկու բնակչի, իսկ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի բեռնախցիկի տուփում հայտնաբերվել է կանեփանման զանգված: 20-ամյա երիտասարդը հայտնել է, որ թմրանյութն իրենն է:

Նույն օրը Արագածոտնի պարեկները, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Աշտարակի Վանի հերոսների փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Աշտարակի 54-ամյա մի բնակչի: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 1-ին զննություն է կատարվել նրա տանը եւ մեքենայում: Տնից իրավապահները հայտնաբերել են 400 գրամ, իսկ մեքենայում՝ 10 գրամ կանեփանման զանգված: Աշտարակցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: Կանեփն ինքն է աճեցրել:

Նոյեմբերի 1-ին Աշտարակի համայնքային ոստիկաններն ու Արագածոտնի պարեկները ճանապարհային ոստիկանության նախկին անշարժ հենակետի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու, իր վարած «Մերսեդես»-ով հանդերձ, բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է կանեփանման զանգված:

Նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի պարեկները Երեւան-Գյումրի ճանապարհին լուսային անսարքության համար կանգնեցրել են Պարտիզակ գյուղի 29-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես»-ը: Մեքենայից դուրս գալիս երիտասարդը գրպանից թղթե փաթեթ է նետել: Ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի վայրի զննություն է կատարվել: Հայտնաբերված փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված կար:

Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 




Լրահոս