ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը:

 

Կարգով մանկավարժական աշխատողներին եւ սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է հանրակրթության մատչելիությունն ապահովելու եւ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով:

Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով մանկավարժական աշխատողներին եւ սովորողներին փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերում տեղակայված հաստատությունների՝

1) այն ուսուցիչներին (նաեւ զինղեկներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաեւ ուսուցչի օգնականներին եւ հատուկ մանկավարժներին), իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաեւ հոգեբաններին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից ավելի քան 5 կմ հեռու գտնվող այլ բնակավայրի հաստատության ուսուցիչ՝ 0.5 եւ ավելի հաստիքային դրույքով: Դրույքի այս սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաեւ տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող մանկավարժական աշխատողների վրա։ Ամենամյա երկարացված արձակուրդի ընթացքում մանկավարժական աշխատողներին փոխհատուցում չի տրվում:

2) Սովորողներին, որոնք, իրենց փաստացի բնակության վայրում հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաեւ լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաեւ ավագ դպրոցներում հոսքային եւ ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում: Սովորողներին փոխհատուցում տրվում է նաեւ քննաշրջանի ընթացքում:

Հավելենք, որ տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատության կողմից կարող են ձեռք բերվել նաեւ ուղեւորափոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն փոխհատուցման կարգում նշված շահառուները։ Ընդ որում՝ ուղեւորափոխադրման ծառայությունների ձեռքբերման գնման տեխնիկական բնութագրման մեջ անհրաժեշտ է ներառել սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ վարորդին եւ նրա հագուստին ներկայացվող, ինչպես նաեւ ուղեւորափոխադրող մեքենայի տեխնիկական վիճակի պայմանների մասին դրույթներ:

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին եւ սովորողներին փոխհատուցում

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին եւ սովորողներին փոխհատուցումը տրվում է ծրագրից օգտվող եւ հաստատության տեղակայման վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված ավելի քան 30 կմ հեռու գտնվող մշակութային հաստատություններ այցելելու դեպքում։

Հավելենք, որ փոխհատուցում տրվում է, եթե ծրագրի շրջանակում ավելի մոտ գտնվող մշակութային համապատասխան հաստատություն չկա: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռվում տարին մեկ անգամ անվճար այցելելու մշակութային օջախներ:

 

 

 

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն առ այսօր, երբ թվում է, թե բոլոր խնդիրները արդեն լուծված են, Արցախից բռնի տեղահանված ուսանողներից ԵՊՀ-ի իրենց վարձավճարների փոխհատուցման հետ կապված ահազանգեր է ստանում։ Ուսանողները մտահոգված են՝ վարձավճարները գոնե մասնակի փոխհատուցվելու են արդյոք, թե ոչ։ Կան ուսանողներ, որոնք վարձավճարների չփոխհատուցման դեպքում ստիպված են լինելու կիսատ թողնել կրթությունը անվճարունակ լինելու պատճառով։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնարիկ Միսակյանն ասաց, որ վերջին քննարկումների ժամանակ որոշվել է Արցախից տեղահանված ուսանողների սահմանված եւ հարակից մասնագիտությունների վարձավճարները փոխհատուցել միջինացված կերպով՝ կրթաթոշակի տեսքով։

Արցախից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարների փոխհատուցման միջինացման կարգի վերբերյալ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ յուրաքանչյուր մասնագիտության վարձավճարի միջինը որոշվում է Երեւանի եւ մարզերի բուհերում տվյալ մասնագիտության վարձավճարների համեմատությամբ։

«Կան մասնագիտություններ, որոնք մարզերի մասնաճյուղերում չկան։ Տվյալ դեպքում բակալավրիատ կրթական ծրագրով սովորող Արցախից բռնի տեղահանված ուսանողի ուսման վարձավճարը փոխհատուցվելու է՝ չգերազանցելով 700 հազար դրամը, իսկ մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողներինը՝ 560 հազար դրամը»։

Հավելենք, որ Երեւանի բուհերում սովորող՝ Արցախից բռնի տեղահանված ուսանողների սահմանված եւ հարակից մասնագիտությունների վարձավճարների միջինը փոխհատուցվելու է համալսարաններին։

«Վարձերի մյուս մասի վճարումն ուսանողն իր ուսերին է վերցնելու, իսկ մարզերում սովորող ուսանողների վարձավճարները փոխհատուցվելու են ամբողջությամբ»,- տեղեկացրին Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։

 

 

 

 

ՀԵՏԱԶՈՏՎԵԼ ԵՆ

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2200 հայրենակիցներ անվճար հետազոտվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկաներում։

«Ուրախ ենք տեղեկացնելու, որ ավելի քան 2200 արցախցիներ անվճար հետազոտվել են ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում, որոնք նվիրաբերել է Ռուսաստանի Դաշնությունը։

Հայաստանի գրեթե բոլոր մարզեր այցելած բժշկական անձնակազմի թիմում աշխատել են թերապեւտ, մանկաբույժ, հոգեբան, նյարդաբան։

Շարժական կլինիկաներում իրականացվել են ուլտրաձայնային հետազոտություններ, ֆլյուրագրաֆիա։ Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն»։

 

 

 

ԿԱՊ ՈՒՆԻ՞  ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դիմել է համայնքի ավագանուն՝ հայտնելով, որ Դիլիջանի համայնքապետին  է դիմել  «Գրին  ռոք մեեջմենթ  գրուպ»  ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Վարազդատ Ներսիսյանի, եւ հայտնել, որ այդ  ընկերության սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ  մակերեսով հողամասում է գտնվում դեռեւս 1936թ. կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն՝ ընդգրկված է Տավուշի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝  որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Այդ շենքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառված է որպես ինքնակամ շինություն, վթարային է եւ գտնվում է կիսավեր վիճակում։

«Գրին  ռոք մենեջմենթ  գրուպ»   ընկերությունը, կարեւորելով հուշարձանների պահպանման եւ վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 2800քմ հողամասը վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման եւ սպասարկման նպատակով, որպես սեփականություն, անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն «Գրին  ռոք մենեջմենթ  գրուպ»   ՍՊԸ-ի կողմից Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ հողամասը վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման եւ սպասարկման նպատակով, որպես նվիրատվություն, Դիլիջանի համայնքին ընդունելու համաձայնություն տալու վերաբերյալ։Համայնքի ավագանին 2023թ. նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված 2800 քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

«Գրին  ռոք մեեջմենթ  գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում,  որպես այդ ընկերության հիմնադիր, նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գեւորկյանը, որը՝ որպես ձեռնարկատեր, միանձնյա տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։ 2019 թվականին լրագրողական նյութ ենք պատրաստել Դիլիջանում Խանջյանի ամառանոցի մասին. այն ժամանակ Դիլիջանի քաղաքապետարանից  «Ժողովուրդ» օրաթերթին   ասացին, որ 2014 կամ 2015 թվականին այդ տարածքը մասնավոր գործարարից գնել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։ Արցախում ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանին կալանավորելը  կապ ունի՞ վերոհիշյալ ամառանոցը՝ 2800քմ տարածքով, Դիլիջան համայնքին նվիրաբերելու հետ, թե՞ «Գրին  ռոք մենեջմենթ  գրուպ»   ՍՊԸ-ն նոր իմացավ, որ այդ տարածքում է պատմության եւ մշակույթի հուշարձան  Աղասի Խանջյանի ամառանոցը, որը վաղուց վերականգնման կարիք  ունի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս