«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով. արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները եւ դրանցից իրերը: Իսկ ինչ վերաբերում է երկրներին, ապա Հայաստանի համար արտահանման ամենամեծ շուկան շարունակել է մնալ Ռուսաստանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ արտահանումը կազմել է 2 մլրդ 793 մլն 730.3 հազար դոլար՝ 2022-ի 9 ամիսների նկատմամբ աճելով 87 տոկոսով: Իսկ դեպի Եվրամիության (ԵՄ) երկրներ արտահանումը նվազել է 5.1 տոկոսով՝ կազմելով 575 մլն 511.9 հազար դոլար:
Արտահանման ամենամեծ մասնաբաժինը գնացել է դեպի Ռուսաստան՝ ավելի քան 2 մլրդ 645 մլն դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 85 տոկոս է: Այս տարվա 9 ամիսներին արտահանման երկրորդ ամենամեծ ուղղությունը շարունակել է մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները. 9 ամսում Հայաստանից ԱՄԷ արտահանումը կազմել է 665 մլն 462.6 հազար դոլար, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ արտահանման ծավալն աճել է 2.4 անգամ: Հայաստանից արտահանման ծավալներով երրորդ տեղում Չինաստանն է: 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 322 մլն 566.6 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը, ի տարբերություն Ռուսաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների, շատ մեծ չէ՝ 19.9 տոկոս:
ԵՄ երկրներից ամենաշատ արտահանումն ուղղվել է դեպի Նիդերլանդներ՝ 218 մլն 716.6 հազար դոլարի, աճը 33.8 տոկոս է: Էականորեն աճել են որոշ երկրներ արտահանման ծավալները. 26.7 անգամ աճել է Ռումինիա արտահանումը, 4.6 անգամ՝ Հունաստան արտահանումը, 2.3 անգամ՝ Սլովակիա արտահանումը, եւ այլն:
Ինչ վերաբերում է արտահանվող ապրանքներին, ապա, ըստ Վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները եւ դրանցից իրերը՝ 1 մլրդ 104 մլն 251.8 հազար դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 84.9 տոկոս է: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում մեքենաները, սարքավորումները եւ մեխանիզմներն են՝ 898 մլն 882.3 հազար դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.2 անգամ է: Թեեւ հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա 9 ամիսներին նվազել է 12.7 տոկոսով, այնուամենայնիվ, Հայաստանից արտահանման ծավալների մեջ այն երրորդ տեղում է՝ 685 մլն 425.4 հազար դոլարով:
Արտահանման ծավալներում էական է եղել նաեւ պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը: Հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 633 մլն 984.7 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք:
Էականորեն աճել են նաեւ Հայաստանից կոշկեղենի, գլխարկների, հովանոցների, կաշվի հումքի, կաշվի, մորթու եւ դրանցից պատրաստված իրերի, փայտի եւ փայտյա իրերի եւ այլ ապրանքների արտահանման ծավալները:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՍՏԱՆԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության տվեց կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Պրոբացիայի ծառայության մասին եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը:
Բալյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է պատիժ կատարող մարմին եւ ապահովում է տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելու պատիժների կատարումը: Ծառայությունն ապահովում է տնային կալանք եւ վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, վերահսկողություն է իրականացնում պատիժները պայմանականորեն չկիրառելու, պատժի կատարումից ազատելու, պատժի պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ:
«Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ: Ներկայացված փաթեթով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, ծառայության անցնելու կարգը եւ պայմանները եւ այլն»,-ասաց Բալյանը:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվեց, թե պետական բյուջեի վրա որքան ծախս է ավելանալու: Փոխնախարարն ասաց, որ ներկայիս տարեկան հատկացվող բյուջեի վրա զուտ որպես աշխատավարձ տարեկան ավելանում է մոտ 70 մլն դրամ: «Նախագծով առաջարկվում է ներդնել նաեւ ատեստավորման համակարգ, որը բարեհաջող անցնելու դեպքում պրոբացիայի ծառայողը կունենա ավելի բարձր աշխատավարձ ստանալու իրավունք: Դրա հաշվարկները դեռ չկան»,-ասաց Բալյանը:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանն ընդգծեց, որ ներկայումս արդարադատության նախարարության ենթակա մարմիններ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւ Քրեակատարողական ծառայությունն ունեն հատուկ կարգավիճակ, երկուսն էլ հանրային ծառայության առանձին տեսակներ են: «Թեեւ Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների միջեւ առկա են մի շարք նմանություններ, այնուամենայնիվ, Պրոբացիայի ծառայությունը, հանդիսանալով քաղաքացիական ծառայություն, չի օգտվում այն սոցիալական երաշխիքներից, որոնք սահմանվել են ոչ միայն Քրեակատարողական, այլ նաեւ Հարադիր կատարումն ապահովող ծառայության համար: Պրոբացիայի ծառայողներին եւ Քրեակատարողական ծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների միասնականացման նպատակով նախագծով առաջարկվել է Պրոբացիայի ծառայողների համար սահմանել զինվորական կենսաթոշակի իրավունք»,- ասաց պատգամավորը:
Նախագիծը դեկտեմբերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, աճել է 48.4 տոկոսով։
Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, որոնք կազմել են ընդհանուրի 50.7 տոկոսը (931 հազար 695 մարդ), այնուհետեւ հաջորդում են Վրաստանից 10.1 տոկոս (185 082 մարդ), Իրանից 6.3 տոկոս (116 062 մարդ) այցելուները։
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎԵՐ
2023 թվականի հոկտեմբերին նոր մարդատար ավտոմեքենաների ներմուծումը Ռուսաստան նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է Autostat վերլուծական գործակալությունը։
Նախորդ ամիս Ռուսաստան է ներմուծվել 86,8 հազար նոր մարդատար ավտոմեքենա։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր նույն տարվա սեպտեմբերին (80,8 հազար ավտոմեքենա)։ Ընդամենը 10 ամսում մատակարարվել է 546,8 հազար նոր մարդատար ավտոմեքենա, ինչը չորս անգամ ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենից հաճախ նոր մարդատար ավտոմեքենաները ներկրվում են Չինաստանից (հոկտեմբերին բաժինը կազմել է 85%), որին հաջորդում են Ղրղզստանը (8,6%) եւ Ղազախստանը (3%)։
Գործակալության տվյալներով՝ ընդամենը 10 ամսում Ռուսաստանի Դաշնություն է ներմուծվել 342,6 հազար օգտագործված ավտոմեքենա, ինչը ռեկորդային ծավալ է ռուսական ավտոշուկայի համար։ Հոկտեմբերին հանրապետություն է ներկրվել 22 հազար օգտագործված ավտոմեքենա։ Սեպտեմբերին գրանցվել է ընթացիկ տարվա ամենացածր ցուցանիշը՝ 17,2 հազար միավոր։ Օգտագործված մեքենաները ամենից հաճախ բերվում են Ճապոնիայից (մասնաբաժինը հոկտեմբերին՝ 51,2%), երկրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը (12,5%), երրորդը՝ Բելառուսը (12,4%)։