ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԳՈՐԾԵՐԸ ԿԱՐՃՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ գիշերը, Երեւանում զանգվածային անկարգությունների քրեական գործով անցնող 10-ից ավելի անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երեւանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կային, որոնք մինչ օրս շարունակվում են: Եվ, ահա, այս դեպքերից 3 տարի անց միայն նախաքննական մարմինը դադարեցրեց տարբեր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները, քանի որ 3 տարի անց նախաքննական մարմինը հիմնավոր ապացույցներ չգտավ մեղադրյալների մասով, որ գործը ուղարկի դատարան: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության եւ հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երեւանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։ Այս գործով որոշ քաղաքացիներ ազատազրկման դատապարտվեցին, իսկ շատերի մասով ԱԱԾ-ում քննությունը շարունակվում է, եւ նախաքննական մարմինը նրանց մեծ մասի վերաբերյալ գործը կկարճի, քանի որ ապացույցները բավականին թույլ են. խմբով ծեծել են, բայց կոնկրետ ով՝ պարզել չի հաջողվում»:

 

 

Եզրափակելով Չիչոյանների ընտանիքի մասին պատմող շարքը՝ այս անգամ հերթը Սերգեյ Չիչոյանինն է։ Սերգեյ Չիչոյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր է, նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։ Ինչպես Չիչոյանի եղբայրը՝ Արմեն Չիչոյանը, ինքն էլ պակաս համբավ եւ կարիերա չունի։ Չիչոյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն։ Հողամասերից մեկը եւ անհատական բնակելի տունը ձեռք է բերել 2015 թվականին. դրանք գտնվում են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում։ Այդ ժամանակ Չիչոյանը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։ Մյուս 2 հողամասերը գտնվում են Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, որոնք ձեռք են բերվել 2007 թվականին, երբ եղել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը։ Չիչոյանը 5 անշարժ գույք է հայտարարագրել՝ 1 հողամաս, 1 ավտոտնակ, 1 անհատական բնակելի տուն, 2 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք գտնվում են Գավառ համայնքում. դրանք 90 օրից ավելի փաստացի տիրապետում է Չիչոյանը, սակայն սեփականության իրավունքով գույքերը նրան չեն պատկանում։ Ուսումնասիրելուց հասկանում ենք, որ այս գույքը 2022 թվականին Չիչոյանի մայրը՝ Օֆիկ Չիչոյանը, նվիրատվություն է արել Սերգեյ Չիչոյանի որդուն՝ Գոռ Չիչոյանին: Չիչոյանը սեփական մեքենա չունի, սակայն շահագործում է 2011 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։                                                                                                                         Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն: Սեպտեմբերից արդեն մեկ ամսից ավել ժամանակ է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ  հարմար տեղավորված է նախագահականում ու, կարծես, միտք էլ չունի իր աշխատավայր վերադառնալ, քանի որ  նախագահականում ավելի պաշտպանված ու ապահով է իրեն զգում: Պատճառն էլ այն է, որ թե՛ ընդդիմադիրները, թե՛ տեղահանված արցախցիները, թե՛ այս իշխանություններից դժգոհ քաղաքացիները, սովորաբար, իրենց ակցիան իրականացնում են կառավարության դիմաց ու խաթարում են նրա անդորրը: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանն իր գործառույթները դեռ նախագահականից է իրացնում: Հետաքրքրվեցինք նաեւ՝ երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում վերադառնալ իր հիմնական նստավայր, արդյոք վերանորոգումները դեռ չեն ավարտվել. «Դեռ նախագահականում է, բայց մոտ օրերս արդեն հիմնական կտեղափոխվի կառավարություն»-ասացին մեզ կառավարությունից: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հարմարվել է Վահագն Խաչատուրյանի նստավայրում ու ձգձգում է իր տեղափոխումը, ինչը, բնականաբար, նախագահի սրտով չէ, քանի որ Փաշինյանի պատճառով ինքը «դրսում» է մնացել:

 

 

Երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի տեղը շարունակում է թափուր մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները եւ ԲԴԽ-ն չեն կարողանում գտնել գիտնական անդամի, որ նրան ներկայացնեն ԱԺ ու ընտրեն խորհրդի անդամ: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

 




Լրահոս