«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը արտահերթ հրավիրված ավագանու նիստում ընտրվեց Երեւանի քաղաքապետ։ Ընտրության արդյունքներով Տիգրան Ավինյանը ստացել է 32 կողմ, 5 դեմ ձայն։

 

Նշենք, որ նա միակ թեկնածուն էր, եւ, ըստ օրենքի, նրան ընտրվելու համար բավարար էր անգամ 27 ձայնը։

Քաղաքապետի ընտրության արդյունքների եւ ընդդիմության քայլերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի հետ:

-Ձեր խմբակցությունը եւ ընդդիմադիր թեւից հանդես եկող «Ազգային առաջընթաց»-ը հայտարարել են, որ չեն մասնակցելու քաղաքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստերին: Չնայած սրան՝ իշխանությանը հաջողվեց մյուս ուժերին իր կողմը գրավել, նիստ արեցին, քաղաքապետ ընտրեցին: Ինչու՞ ձեր բոյկոտը արդյունք չտվեց, ի՞նչն էիք սխալ հաշվարկել:

-Իշխող ուժը, ունենալով բոլոր հնարավորություններն ու բոլոր լծակները վերարտադրվելու, Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ տանելու դեպի թրքահպատակացում, ինչպես որ մեր սուրբ Արցախը կարողացան հնարավորինս սեղմ ժամկետներում դարձնել ադրբեջանական տարածք, նույն քայլերն այսօր արվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ բացառություն չի կազմում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը՝ Երեւանը: Մայրաքաղաքում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Մայր Հայաստան» դաշինքը բազմիցս խոսում էր, բարձրաձայնում էր, որ Արցախը չպետք է կորցնենք, քանի որ Արցախը մայր Հայաստանի դարպասն է ու հենասյունը, եւ Արցախը պետք է կարողանանք պաշտպանել՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում թույլ չտալով իշխող այս ուժի վերարտադրումը: Սակայն, ի պատիվ մեր հայրենակիցների՝ երեւանցիների, պետք է փաստենք, որ ընդհամենը 9%-ը քվեարկության օրը իրենց վստահության քվեն պարտադրված տվեց իշխող ուժին: Միգուցե նրանք վարչական աշխատողներ էին, որոնք պարտավոր էին այդ քայլին գնալու, բայց վստահ եմ, որ նրանց մեջ էլ կան այնպիսի հայեր, ովքեր գիտակցում են իրականությունը: Միգուցե շատերը ճիշտ ընտրություն են արել, բայց այդ ինը տոկոսը սրանց վստահության քվե տվեց, ինչը թույլ չէր տալիս իշխող ուժին ունենալ իշխանություն մայրաքաղաքում:

Այս պարագայում երեք ընդդիմադիր կոչվող ուժերը (ինչո՞ւ եմ ասում կոչվող. քանի որ մենք տեսանք, որ կար խմբակցություն, որն, ամեն դեպքում, իշխող ուժի օրակարգի մասնակիցը  եւ նրանց վերարտադրման աջակիցը դարձավ), այդ թվում՝  մենք, հայտնեցինք մեր դիրքորոշումը՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցնելով բոլոր այն կետերն ու գծերը, որոնք վերաբերում են Երեւանի ավագանու ընտրություններին, կոնկրետ՝ քաղաքապետի ընտրությանը:

Զրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն իր մոնո ներկայացումով նախ հայտ ներկայացրեց սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Դերասան-քաղաքապետն իր սրտառուչ հայտարարություններով փորձեց երեւանցիների սիրտը շահել. «Ինձ պետք է, որ երկիրը ծաղկի, հասարակությունը դուրս գա ապատիայից։ Եթե դա մենք չանենք, ապա անելու են մարդիկ, որոնք առաջնորդվում են միայն իրենց սեփական եւ խմբակային շահերով, ովքեր թքած ունեն մարդկանց վրա, եւ արդեն ոչ միայն փոխաբերական, այլեւ ուղիղ իմաստով։ Հետեւաբար հայտարարում եմ՝ իմ թիմի հետ մասնակցելու եմ ավագանու առաջիկա ընտրություններին։ Մեր թիմը չունի մեծ գումարներ, լրատվամիջոցներ, օլիգարխներ, մեր միակ հարստությունը դուք եք, երեւանցինե՛ր։ Միակ որոշողը դուք եք։ Մենք միասին ամեն ինչ կարող ենք»,- հայտարարել էր Մարությանը։

Պասիվ քարոզարշավը, լրագրողների ու հանրության շփումներից խուսափելը թողեց իր հետեւանքները, եւ արդյունքը եղավ այն, որ Մարությանը հավաքեց մոտ 19 տոկոս ձայն:

Քաղաքական փորձ չունեցող Հայկ Մարությանը տապալեց նաեւ քաղաքական հետագա գործընթացները. երբ թվում էր, թե ընդդիմադիր դաշտում նրա թեկնածության շուրջ կոնսոլիդացիա է ձեւավորվում, նա սկսեց նոր նախապայմաններ առաջ քաշել եւ ձախողեց այդ գործընթացը: Հիմա էլ Հայկ Մարությանը չի կողմնորոշվում. վերցրել է ավագանու անդամի մանդատը, բայց չի գալիս քաղաքապետարան ու չի մասնակցում ավագանու նիստերին, այսպես ասած, ընդհատակ է անցել:

Ստացվում է՝ նախկին քաղաքապետ Մարությանը միայն ականջահաճո հայտարարություններ է անում ու անհետանում, բայց իրական պայքարի ու հստակ քայլերի պատրաստ չէ:

 

 

ՔԱՎՈՐ-ՍԱՆԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դեպքերով «խառը» պարոն Բարխուդարյանը, որը բերման էր ենթարկվել իր թիմակիցների հետ գնումների գործընթացը չարաշահելու կասկածանքով, ավելի ուշ ստորագրությամբ բաց թողնվեց, դեռ մի բան էլ սկսեց ՔՊ-ականների քեֆ-ուրախություններին մասնակցել:

Այն, որ Բարխուդարյանը ՔՊ-ականների ոչ ծպտյալ հովանավորյալն է, դա մեկ կամ մի քանի հոգի չէ, որ հայտնում են, սակայն թե ինչ է կատարվում այս պատմության հետեւում, իրականում բավականին հարցականներով լի է:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարոն Բարխուդարյանը, փաստորեն, ոչ միայն Ավինյանի եւ Կատվալյանի ընկերն է, ոչ միայն Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է, այլ, պարզվում է, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են:

Ռուբեն Ռուբինյանը Արման Բարխուդարյանի երեխայի քավորն է, եւ, հավանաբար ու բնականաբար, ինչպես հայկական սովորություններն են ենթադրում, քանի քավորը կա, սանիկը ոչ մի «պրոբլեմ» չպետք է ունենա:

 

 

ՔՊ-Ն ԱՅՍՕՐ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՉԻ ԱՅՑԵԼԵԼՈՒ

Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը:

Այս օրը հայոց օրացույցում սեւով է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  սովորաբար, նոյեմբերի 9-ին այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների հիշատակին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՔՊ խմբակցությունը չի պատրաստվում գնալ «Եռաբլուր»:

Ինչպես մեզ փոխանցեցին՝ հնարավոր է՝ առանձին պատգամավորներ գնան, բայց խմբակցությունն այսօր այց չի նախատեսում «Եռաբլուր»:

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին  եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները:

Զրուցակիցները նաեւ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 




Լրահոս