ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐՆ ՈՒ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

 

Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները եւ դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը:

Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները:

Իսկ մինչ իշխանական թեւի ներկայացուցիչները «Խաղաղության խաչմերուկ» են պահանջում, խնդրում ու առաջարկում, Ադրբեջանն իր գործն անում է:

Մասնավորապես՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին հերթական հակահայկական հայտարարությունն է արել:

Ուկրաինացի «դիվանագետը» ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ շնորհավորանքներ է հղել «Հաղթանակի օրվա» կապակցությամբ եւ գովաբանել Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին։

Ի թիվս այլ բաների՝ Վլադիսլավ Կանեւսկին գրում է. «Այն ժամանակ ուկրաինացիները ջախջախեցին թշնամուն՝ ադրբեջանցիների հետ ուս ուսի կանգնած, իսկ այսօր էթնիկ ադրբեջանցիները մարտի դաշտում պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Մեջբերումը ներկայացված է այնպես, ինչպես այն գրվել է, եւ, ըստ երեւույթին, հուշում է, որ «ժամանակին ուկրաինացիները, ադրբեջանցիների հետ ուս ուսի կանգնած, հաղթեցին թշնամուն, իսկ այսօր էթնիկ ադրբեջանցիները մարտադաշտում պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Թեեւ «թշնամին» ուղղակիորեն նշված չէ, սակայն ակնհայտ է, որ խոսքը հայերի մասին է՝ հաշվի առնելով, թե ինչ ամսաթվի է նվիրված շնորհավորանքը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքվում Ուկրաինայի դեսպանը տրվում է հակահայկական դեմարշների։ Անցյալ տարի դեսպանատունը հրապարակել էր մի ամբողջ տեսանյութ՝ գովաբանելով Ադրբեջանի ագրեսիան հայերի դեմ։

Դեսպանի էջում կա նաեւ ուկրաինական համայնքի հայտարարությունը՝ նոյեմբերի 7-ով, շնորհավորանքներով եւ ուրախությամբ Շուշիի, Հադրութի եւ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի օկուպացիայի կապակցությամբ։

Ադրբեջանը հստակ քայլերով առաջ է գնում այս ֆոնին միջազգային հարթակներում:

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն անարգանք է որակել ՅՈՒՆԵՍԿՕ-ում կատարվածը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակահարմար չհամարեց դատապարտել ադրբեջանցիների 9 ամիսների շրջափակումը, որի ընթացքում խաթարվեց հազարավոր հայ երեխաների ուսումանական գործընթացը։  Իսկ հիմա այն Ադրբեջանին ընտրում է  իր Գլխավոր կոնֆերանսի փոխնախագահի պաշտոնում։ Անարգանք»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Գրառման ներքո մեկնաբանություն կատարած օգտատերերը նշել են. «Սարսափելի է», «Հաստատությունները կորցնում են պատիվն ու վստահությունը»,  «Չզարմանաք, եթե մի քանի օր անց պարզվի, որ հսկայական գումար է նվիրաբերվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին…»:

 

 

ՇԱՐԺԸ ԿԴԱՆԴԱՂԻ

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով երթեւեկությունը նոյեմբերի 13-ից մինչեւ ամսվա վերջ որոշակի խոչընդոտներ կունենա ճանապարհի վերանորոգման պատճառով:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը՝ հավելելով, որ նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։ Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ

Հաշվի առնելով, որ լայն տարածում են ստացել Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները եւ հանգամանքը, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ եւ դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

 

ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ցոլակ Ակոպյանի լիազորությունները՝ որպես Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորի, երեկվանից դադարեցվել են: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ երեկ իր աշխատանքային վերջին օրն էր: Նա իր ազատման հրամանն անվանեց «իրավաբանության գլուխգործոց». «Ինձ ազատել են աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի հետեւյալ դրույթով, թե, իբր, ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Շուրջ 11 տարի տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այս համալսարանում, ընթացքում ստացել եմ նույնիսկ համալսարանի մեդալ, շնորհակալագրեր, եւ հանկարծ Դավիթ Գյուրջինյանի կողմից պարզվեց, որ ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ 4 հիմնավորում է բերվել, թե ինչու չեմ համապատասխանում։ 2 հիմնավորումը վերաբերում է քրեական գործերին, որոնց մասին խոսել եմ։ Սակայն, ես դեռեւս չեմ հարցաքննվել, կարգավիճակ չունեմ, բայց մարդն արդեն խախտում է իմ անմեղության կանխավարկածը: Մարդը դատավոր է դարձել եւ որոշումներ է կայացնում»:

 

 

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել՝ վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում»,- սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը

«Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից, իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության եւ սեփականության զգացումից: Եւ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետեւ դա միայն իր տեղն է: Եւ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջի՛ր խաղաղությամբ, Եղբա՛յր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Մաթեւոս Ասատրյանը հանկարծամահ է եղել նոյեմբերի 6-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Մաթեւոս Ասատրյանի տան այգում: Ընկերներով, ընտանիքներով հավաքված են եղել: Այնտեղ է եղել նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ընտանիքի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասատրյանը շատ հանկարծակի իրեն վատ է զգացել, տեղում հավաքված մարդիկ՝ կանայք, Ալեքսեյ Սանդիկովը, փորձել են օգնել, առաջին օգնություն ցույց տալ մինչեւ շտապ օգնության գալը, սակայն ապարդյուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչ շտապ օգնության գալը Մաթեւոս Ասատրյանը մահացել է հենց Սանդիկովի ձեռքերում: Հիշեցնենք, որ Մաթեւոս Ասատրյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա:

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների եւ խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից նշել են, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաեւ նրանց լուսանկարները։ Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելու ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգվել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, այնուհետեւ՝ գեներալ լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, իսկ հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արայիկ Հարությունյանի առեւանգման մասին։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին որոշել էր հանձնվել Ադրբեջանի իրավապահ մարմիններին։

 




Լրահոս