Երեկ Երեւանում ողբերգական վթարից մահացած՝ «ՎԱԶ 2101»-ի վարորդը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ.-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է՝ Գառնիկ Ավետյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նրա մեքենային հարվածած Nissan Rogue-ի վարորդը եղել է կին, որը, ըստ լուրերի, անգամ զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից:
Shamshyan.com-ը գրել է, որ նոյեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի-Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, եւ կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երեւանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի հետեւանքով 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են 1 հոգի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, 2 հոգի՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենաներից եւ պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Պարզվել է, որ բախվել են Nissan Rogue եւ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Passat-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail-ին: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «ՎԱԶ 2101»-ի վարորդն է եղել: Եվ, ահա, Երեւանում ողբերգական վթարից մահացած «ՎԱԶ 2101»-ի վարորդը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ.-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է՝ Գառնիկ Ավետյանը: Նշենք, որ Վահե Ավետյանի մայրն էլ մահացել է անցած տարի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դատախազ եղբայրը դատի է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որ Աննա Վարդապետյանի 07.08.2023 թ. թիվ 366-Ա հրամանը (այն է՝ հայցվորին ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու փոխարեն՝ նշել վերջինիս Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից ազատելու մասին) փոփոխելուն պարտավորեցնել:
Օգոստոսի 10-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 7-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատել է Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սիսակ Խաչատրյանին։
Նշենք, որ նա ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի եղբայրն է, եւ դեռ ավելին՝ նրա մասին անգամ հրապարակային հայտարարել էր դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է հայտնվել. «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձնից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը»։
Նունե Միքայելյանը նշել էր, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Փաստաբան Արսեն Սարդարյանը գրում է, որ 2020թ. հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջ. Հարությունյանի նկատմամբ դադարեցվեց՝ արդարացնող հիմքով։ Շուրջ 306-էջանոց ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ. Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վերոհիշյալ գործը կարճվելու է։
ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնեց, որ նոյեմբերի 6-ին որոշում է ընդունել, որում ասվում է. «2023 թվականի նոյեմբերի 6-ին, դռնփակ նիստում քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի՝ քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ եւ 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1.Հանրապետության նախագահին առաջարկել Վաչե Վանիկի Մարգարյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
- Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Վաչե Վանիկի Մարգարյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաեւ Վաչե Վանիկի Մարգարյանի՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանի անունը շոշափվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբեւէ չի զանգել ԱԱԾ պետին, ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ