ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել․
«ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։
Shamshyan.com-ը գրել էր․ Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սարգսյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից: