Այս մարդիկ նույնիսկ պատրաստ են անկախության հռչակագրից հրաժարվել. իրենց կարճ խելքով՝ դրանով կկանխեն պատերազմը. Տաթևիկ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մի թեզ են առաջ տանում, թե Հայաստանում Արցախի պետական կառույցների եւ ինստիտուտների պահպանումը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Այս հարցի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանի հետ։

-Տիկի՛ն Հայրապետյան, մի շարք պատգամավորներ, ԱԺ նախագահը եւ այլք մի այսպիսի թեզ են առաջ քաշում՝ Հայաստանում Արցախի պետական կառույցների եւ ինստիտուտների պահպանումը վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Ի՞նչ վտանգի մասին են խոսում նրանք, ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ վտանգ կարող են դրանք ներկայացնել Հայաստանի համար:

-Ինձ համար այդ ամենը փոքր-ինչ զավեշտալի է, որովհետեւ դրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ են փոխել Հայաստանի Հանրապետության զինանշանը, պատրաստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության հռչակագրից, որոնք պատրաստ են զիջել Հայաստանի համար կենսական տարածքներ: Այսինքն՝ եթե մարդիկ նման զիջումների են պատրաստ՝ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերի, տարածքների եւ ինքնիշխանության հաշվին, ապա Դուք այդ մարդկանցից ուրիշ ի՞նչ էիք սպասում, չեմ հասկանում: Այսինքն՝ իրենց քաղաքականությունը հետեւյալն է՝ զիջենք այնքան, ինչքան պետք է, միայն չլինի պատերազմ: Ու այդ զիջումների պարագայում իրենք միշտ բերում են պատերազմ Հայաստանի եւ Արցախի համար:

Վերջին երեք տարիների քաղաքականությունը, պատերազմներն ու տարածքային կորուստները դրա արդյունքն են: Մարդիկ որեւէ դիմադրություն, որեւէ քայլ պատրաստ չեն անել: Դրանք այն մարդիկ են, որոնք Բաքվից թույլտվություն են խնդրում՝ Երասխում գործարան կառուցե՞ն, թե՞ ոչ: Եվ եթե այդտեղ կրակում են, ապա պետք չէ կառուցել գործարան:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունները հերթական անգամ վախենում են Ադրբեջանի արձագանքից, որ սա կարող է զայրացնել հարեւան պետությանը:

-Իհարկե: Իրենք նույնիսկ վախենում են մի երկու բառ խոսել, որ Ադրբեջանը մեր երկիրը Արեւմտյան Ադրբեջան է կոչում, իրենք ամեն հնարավոր բանից վախենում են: Էլի եմ ասում՝ այդ մարդիկ նույնիսկ պատրաստ են անկախության հռչակագրից հրաժարվել: Նրանք իրենց կարճ խելքով կարծում են, որ դրանով կկանխեն պատերազմը: Բոլոր այս «կանխարգելիչ» քայլերը միայն պատերազմներ են բերել, ուրիշ ոչինչ:

-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է՝  Արցախի՝ այստեղ տեղափոխված կառավարությունը ինչու՞ է այսպիսի պասիվ կեցվածք ընդունել: Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հայտնի է, իսկ Արցախի՞նը:

-Ես այդ հարցով չեմ կարող մեկնաբանություն տալ, ազնվորեն եմ ասում: Ես տեղյակ չեմ, չգիտեմ նրանց որոշումները: Չգիտեմ՝ ինչ հոգեվիճակում են վերադարձել եւ ինչպիսի դիրքորոշումներ ունեն, եւ, ըստ այդմ, մեկնաբանել դա չեմ կարող:

Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս