Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում առկա խնդիրներին ավելացել են նորերը: Կտրվել էր կապը շրջանների հետ, թշնամին վերահսկում էր միջշրջանային ավտոճանապարհների մի մասը: Սկսվեց բնակչության տարհանումը Հայասատանի Հանրապետություն:
9-ամսյա շրջափակումից հետո, Արցախում վառելիքի սղության պատճառով, շատերը այդ օրերին փորձում էին տարբեր տեղերից վառելիք գտնել: Մարդկանց մի մասը մեկնեցին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստ: Դեռ չպարզված հանգամանքներում՝ սեպտեմբերի 25-ին պայթել է վառելիքի պահեստը, ինչի հետևանքով եղան զոհեր և վիրավորներ:
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների մեկնարկից մինչև սեպտեմբերի 24-ը՝ Ռադիկը դիրքերում էր: Սեպտեմբերի 25-ին, լսելով, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստում բենզին կա, շտապեց այնտեղ: Երեկոյան արդեն իմացանք պայթյունի մասին»,- ArmLur.am-ի հետ զրույցում՝ նշել է կինը։
Ռադիկը կինը՝ Մարիամը, լսելով պայթյունի մասին, շտապեց հիվանդանոց: Ամուսինը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր այդ ժամանակ: Չթույլատրեցին տեսակցել: Քիչ հետո զանգեց Ռադիկը և վստահեցրեց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է: Հաջորդ օրը ուղղաթիռով տեղափոխել են Երևան․
«Ծանոթ մարդկանց տեսնելուց՝ Ռադիկը պատմում էր, որ պայթյունի հետևանքով կարծես թե կլինիկական մահ էր տարել, որի ընթացքում լսել է Մարիամի աղոթքները, որից հետո զարթնել է»,- ArmLur.am-ի հետ զրույցում՝ նշեց կինը։
Ռադիկ Խաչատրյանի մարմնի 70 տոկոսը այրված էր: 4 օր պայքարեց ապրելու համար, սակայն ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
Ռադիկը խնդրել էր կնոջը փոխանցեին․ «Խոստումս ուժի մեջ է, անպայման կգամ տուն»։
Հայկ Ավանեսյան