«Ասացին, որ ամուսինս վիրավորվել է, ուրախացա, որ գոնե ողջ է մնացել: Այդ օրերին, որ լսում էինք վիրավոր է, փառք էինք տալիս Աստծուն, որ մեզ խղճացել ու ողջ է պահել»,- ArmLur.am-ին պատմում է Արցախից բռնի տեղահանված Մելինե Սարգսյանը:
Մելինեն պատմում է, որ երբ սկսվեց հրթիռակոծությունը, կարծում էր՝ փրկարարներն են ականապայթեցման աշխատանքներ իրականացնում: Ստուգեց հեռախոսը․ ԱԻՆ-ի հաղորդագրությունը չգտավ, իսկ դիմացի անտառներում հրթիռակոծության ձայները արդեն խլացնում էին:
«Պատերազմի հաջորդ օրը համայնքապետը հայտարարեց, որ մինչև ժամը 1-ը պիտի լքենք Ակնաբերդը: Չհասցրինք անգամ ամենաանհրաժեշտ իրերը վերցնել: Մեքենաներ ու վառելիք էին տրամադրել դուրս գալու համար: Մի մասը գնաց Ստեփանակերտ, իսկ մի մասը՝ Ստեփանակերտի օդանավակայարան, որտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահների զորամասը»,- հիշում է մեր զրուցակիցը:
Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում էին ապրում Սարգսյանների ընտանիքը: Գյուղը 44-օրյա պատերազմից հետո միակն էր, որ մնաց հայկական վերահսկողության ներքո: Մելինեն ասում է, որ պատերազմից հետո վախենում էր նորից բնակվել ադրբեջանցիներով շրջապատված Ակնաբերդում, սակայն ամուսինը հաստատակամ էր, որ պիտի գնար նորից հայրենի գյուղ: Մելինեի խոսքով՝ ամուսինը վստահեցնում էր, որ պատերազմ էլ չի լինի:
«Ամուսինս պայմանագրային ծառայող է եղել, ծառայել է Մռավում՝ 15 տարի: Երեք պատերազմներին էլ մասնակցել է: Զոհվել է սեպտեմբերի 19-ին, սակայն ինձ ասացին միայն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին»,- ասում է Մելինեն և նշում՝ ամուսնու եղբայրն էլ զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում:
Երեք օր Ստեփանակերտի մերձակա անտառներում սոված, անձրևի տակ անցկացնելուց հետո, սեպտեմբերի 26-ին ստիպված եղան մնացածների պես լքել Արցախը: Երկու գիշեր գաղթի ճանապարհին, մեքենաներում քնելուց հետո՝ անցան Հակարիի կամուրջը:
Հիմա ամուսնու ընտանիքի և իր երեք անչափահաս երեխաների հետ ապրում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում: Տան վարձը բարձր է, պայմաները գնին անհամապատասխան: Փորձում են սեփական քրտինքով օրվա հաց վաստակել, սակայն, ինչպես Մելինեն է ասում, զրոյից և այն էլ առանց ամուսնու շատ դժվար է ոտքի կանգնել:
«Անելանելի վիճակում ենք, չգիտեմ ինչ անել, ում դիմել, մեր դեռ բաց վերքին նոր վերքեր ավելացան»,- ասում է Մելինեն:
Նանիկ Աղասյան