Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:

Պիա Կաումանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:




Լրահոս