Այս պահի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում կամ արտապատվիրակմամբ գործող տարեցների թվով վեց շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք են ստանում և բնակվում ԼՂ-ից բռնի տեղահանված 83 տարեց, որոնցից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են, 50-ը միայնակ են:
Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող թվով 10 երեխա՝ 5 աղջիկ և 5 տղա, 1-ից մինչև 17 տարեկան, նույնպես սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են շուրջօրյա խնամքի հաստատություն: Բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ծնողներ:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Տաթևիկ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստագրված բազմաթիվ կազմակերպությունների, հասարակական սեգմենտի ներկայացուցիչների միջոցով ծառայություններ է մատուցում տարեցներին՝ ինչպես տնային խնամքի տեսքով, այնպես էլ ցերեկային կենտրոններում:
Ծառայություններ են ստանում նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ իրենց կարգավիճակով պայմանավորված:
Նախարարի տեղակալի ներկայացմամբ, գործընթացներ են իրականացվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, ըստ որի՝ համայնքը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակում այդ երեխաների համար: