Ինչու է Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր, քան ԵԱՏՄ անդամ այլ երկրներում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՊՀ-ն իրականացնում է իր գործառույթները և հետևում, որպեսզի բենզինի շուկայում գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն:

Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում:

Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրներում, որոնք ընդ որում ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։

Միաժամանակ հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը:




Լրահոս