23 մլն տարեկան եկամուտ և հիփեթեքով նոր բնակարան․ դեսպան Լիլիթ Մակունցի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիլիթ Մակունցը 2018 հեղափոխությունից հետո՝ մայիսի 12-ին դարձավ ՀՀ Մշակույթի նախարար։ Նախարար դառնալուց հետո Մակունցը ներկայացնում է պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որում հայտարարագրված որևէ անշարժ գույք չկա, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել էր 1 մլն 551 հազար դրամ։

Հենց այդ ընթացքում Մակունցի հետ համատեղ բնակվող երկու անձ կար՝ Կամո Հրանտի Մակունցը և Գայանե Ռաֆիկի Գրիգերյանը։
2023 թվականին ներկայացրած 2022 թվականի տարեկան հայտարարագրում Մակունցի հետ ոչ ոք չէր բնակվում, նա այս անգամ ևս փաստացի որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այս անգամ հայտարարագրից բացակայում էին նաև նրա հետ համատեղ բնակվող անձինք։

ՀՀ Ընտրողնեերի պետական ռեգիստրի համաձայն՝ Լիլիթ Մակունցը գրանցված է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող շենքերից մեկում։ Նրա հետ նույն հասցեում համատեղ գրանցում ունեն նաև 3 այլ անձինք։
Սակայն 2019 թվականին, երբ Մակունցը լքում է նախարարի պաշտոնը և դառնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ըստ այդ ժամանակվա հայտարարագրի նրա հետ բացի նշված երեք անձինց բնակվում է ևս մեկը, ով այս պահին նշված հասցեում գրանցված չէ։

Որոշ ժամանակ պատգամավոր լինելուց հետո Մակունցը 2021 թվականին նշանակվում է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Նման կարիերայի աճի հետ մեկտեղ աճել են նաև նրա տարեկան եկամուտները։

Նախարարի պաշտոնում նա ստացել է տարեկան 4 մլն 413 հազար դրամ, երբ պատգամավոր էր ստացել է 7 մլն 850 հազար դրամ տարեկան աշխատանքի վարձատրություն։

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան եղած ժամանակ Մակունցի տարեկան եկամուտները կազմել են 23 մլն 570 հազար դրամ։ Մակունցը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստացել է 2 մլն 728 հազար դրամ և 50 հազար 999 դոլար աշխատանքի վարձատրություն։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 15 հազար ԱՄՆ դոլար և 794 հազար 835 դրամ։

Մակունցի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 502 հազար դրամ, որը, ինչպես տեղեկանում ենք հայտարարագրից, բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց այդ պատճառով էլ Մակունցը ՊԵԿ-ից ստացել է 770 հազար դրամ գումար, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրրել էր, որ ՔՊ կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են։ Բանն այն է, որ Մակունցն ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում՝ եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ. նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ նրանց զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի։

Նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի:

Էմմա Միքայելյան




Լրահոս