Պետք է հասկանալ, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է տարածաշրջանին երկարատև խաղաղություն բերող լուծումներ առաջարկել. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մասնակիցներին և հյուրերին ողջունել է նաև ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման: Կարևորելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման դերը` Պիա Կաուման անդրադարձել է վերջերս ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, նշել, որ ծանոթ է նրանց պատմություններին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ արդարության գինը չպետք է լինի քաղաքացիների տանջանքների գնով:

«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են վստահություն և փոխադարձություն: Քաղաքական առաջնորդները կրում են այդ ամենի պատասխանատվությունը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Պիա Կաումայի խոսքով պատմությունը կրկնվում է, և ԵԱՀԿ տարածաշրջանում ապրող ժողովուրդները պետք է հիշեն, թե ինչպես կես դար առաջ երկրները համախմբվեցին ատելության կործանարար մեխանիզմը կոտրելու համար:

«Աշնանային նստաշրջանը հիանալի հնարավորություն է` հասկանալու, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանին երկարատև խաղաղություն կբերեն»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման և ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել պետական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմանը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի պաշտոնական նիստի մեկնարկից հետո տեղի է ունեցել քաղաքական ուղղվածությամբ նիստը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, ինչպես նաև մարտահրավերներին արձագանքելու հարցում խորհրդարանական վեհաժողովի դերակատարությանը:

Խոսելով բարդ քաղաքական մթնոլորտում կառույցի դերի մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը նշել է, որ չնայած կազմակերպությունը մարտահրավերների է բախվում՝ ԵԱՀԿ-ն շարունակում է կատարել իր մանդատները և նշանակալից դեր խաղալ բոլորի համար անվտանգության ամրապնդման գործում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասով. նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմացկուն ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը:

Զեկուցողը նաև անդրադարձել է ԼՂ բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներին: Նշվել է, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում եւ հաստատակամորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին:

Նիստից հետո խորհրդարանականների միջև տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում եվրոպացի պատգամավորները, խոսելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային հարցերի մասին, նշել են, որ անվտանգության միջոցների ձեռնարկումը մեծ նշանակություն ունի կառույցի համար: Ընդգծվել է, որ վերջին տարիներին աշխարհը փոխվել է, մարտահրավերները շատացել են, և կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի դրանք կանխարգելելու համար: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել և դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, աջակցություն հայտնել ագրեսիայից տուժածներին: Ելույթ ունեցողները նշել են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Եվրոպացի պատվիրակներն ընդգծել են, որ ագրեսիան ճիշտ ճանապարհ չէ, խոցելի է դարձել ժողովրդավարությունը: Նրանց խոսքով անհրաժեշտ է ճիշտ դիվանագիտություն և գործուն քայլերի ձեռնարկում: Նշվել է, որ ագրեսիա իրականացնող պետությունները պետք է պատասխանատվություն կրեն: Նշվել է նաև, որ Հայաստանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են: Ելույթներ են եղել ուղղված ի պաշտպանություն Ադրբեջանում հայ բանտարկյալների:

Մասնակիցները ողջունել են և ընդունելի համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 19-ին:




Լրահոս