Մերժվել է Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՔԾ քննիչը մերժել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը: ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը երեքշաբթի օրը ՀՔԾ քննիչին միջնորդություն էր ներկայացրել Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի, Դավիթ Սիրամիջյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու և Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ: Այսօր պարզ դարձավ, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կշարունակի մնալ կալանավորված, քանի որ ՀՔԾ քննիչը մերժել է Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը: “Նախաքննական մարմինը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց իմ միջնորդությունը տղաների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ”,- նշեց փաստաբանը: Խոսելով հետագա քայլերից` նա ասաց, որ այդ որոշումը բողոքարկելու է վերադաս դատախազին: Նա նաև ասաց, որ ՀՔԾ-ն գործը մինչև երկուշաբթի կուղարկի դատարան: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը նաև կարծիք հայտնեց, որ արդար նախաքննություն չի եղել, քանի որ հիմք են ընդունվել ոստիկանության շահերը պաշտպանող վկաների ցուցմունքները: “Գործով հարցաքննվել են վկաներ, ովքեր իրոք պնդել են, որ դեպքի վայրում ՀԱԿ երիտասարդների նկատմամբ բռնություն է գործադրվել, սակայն այդ ցուցմունքները համապատասխան գնահատականի չեն արժանացել քննիչի կողմից”,- մեկնաբանեց փաստաբանը:Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում ընդհարում էր տեղի ունեցել ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև, որից անմիջապես հետո 7 ակտիվիստներ ձերբակալվել և երեք ժամ անց ազատ էին արձակվել, իսկ ձերբակալված է շարունակում մնալ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Աղբյուրը` 1.am :




Լրահոս