ՖՈՏՈ․ Չգիտեի՝ ում փրկել. արցախցի կնոջ հուշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատերազմի չէինք սպասում, վստահ էինք, որ դեռ 5 տարի Արցախում հաստատ կապրենք: Սակայն, երբ վերջերս սկսեցին Հաթերք գյուղում ապաստարան կառուցել մարդկանց մոտ որոշակի կասկածներ առաջացան: Երբ պատերազմը սկսեց, ավագ դուստրս Ստեփանակերտում էր, երեխաներիս մի մասը դպրոցում, փոքրերն էլ՝ մանկապարտեզում։ Մեր տունը գտնվում է գյուղի ծերին՝ դպրոցից 3 կմ հեռավորության վրա։ Տանն էլ սկեսրայրիս անկողնային հիվանդ մայրն էր․․․ Կորցրել էի ինձ, չգիտեի, թե որտեղ վազեմ, ում փրկեմ։ Ժամեր էր անցել, մինչև բոլոր երեխաներիս մի կերպ իրար կողքի հավաքեցի»,- ArmLur.am-ի հետ զրույցում՝ պատմում է Արցախից բռնի տեղահանված Ինգա Հակոբյանը:

Մի գիշեր կիսակառույց ապաստարանում անցկացնելուց հետո՝ հաթերքցիներին տեղափոխում են Ստեփանակերտի օդանավակայարան՝ ռուս խաղաղապահների մոտ:

Այստեղ նրանք մնացին մի քանի օր:

«Ոչինչ չեմ հասցրել վերցնել, եթե անգամ ժամանակ էլ լիներ՝ չէի կարող: Հասցրեցի երեխաներիս իրար կողք հավաքել և ճանապարհի պատրաստել սկեսուրիս, սկեսրայրիս և սկեսրայրիս ծնողներին։ Րոպեների հարց էր. մի քանի րոպե հետո՝ գյուղն ամբողջությամբ դատարկ էր»,- վերհիշում է մեր զրուցակիցը:

Գյուղի բազմանդամ ընտանիքներից էին ամուսնու տատիկ պապիկը, ամուսնու ծնողները, ինքը, ամուսինը և յոթ երեխաները: Ինգան չի բողոքում՝ Հաթերքում լավ էին ապրում և դեռ բլոկադայի օրերին հասցնում էին օգնել կարիքավոր ընտանիքներին: Տան ավագներն զբաղվում էին անասնապահությամբ ու հողագործությամբ: Գյուղում երկու սեփական տուն ունեին, իսկ 3-րդ տունը պետությունն էր կառուցել՝ որպես բազմազավակ ընտանիք: Գյուղում են թողել անգամ գյուղտեխնիկան ու մեքենաներ:

«Տնից ոչինչ չկարողացա հանել, այնքան շփոթված էի այդ օրը, որ մոռացա անգամ մեր հավաքած գումարը վերցնել: Մեր բազմանդամ ընտանիքին ոչ ոք չէր համաձայնում տուն տալ։ Սկզբից եկանք Վայք, ու սկսվեցին տան փնտրտուքները, այնտեղից՝ Փոքր Վեդի, սակայն մի շաբաթ անց ստիպված դուրս եկանք և եկանք Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղ։ Այստեղ տունը հարմար չէր, և ստիպված տատիկ-պապիկը գնացին Ռուսաստան այն մտքով, որ շուտով տուն կգտնենք ու նորից կմիավորվենք։ Վերջապես Աղավնաձորում տուն ենք գտել, որտեղ մեզ ընդունել են շատ ջերմ ու հյուրընկալ։ Եթե հնարավորություն լիներ տուն գնելու կամ ինչ-որ փոխհատուցման, կցանկանայինք մնալ հենց այս շրջանում»,-ասում է Ինգան և հավելում, որ չնայած խնդիրները շատ են, բայց փորձում են ստեղծել պայմաններ, մնալ ու հարմարվել Հայաստանում:

Նանիկ Աղասյան




Լրահոս