175 հազար դոլար ԱՄՆ-ից՝ Երերույքի տաճարի պահպանության աշխատանքների իրականացման համար. հուշաթերթ է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։

Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կողմից հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպաններ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել համագործակցության նոր շրջափուլի մեկնարկը: Նախարարը տեղեկացրել է՝ հաշվի առնելով հուշարձանի պատմաճարտարապետական և գիտական բացառիկ նշանակությունը` ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել և 2021 թվականի մայիսի 21-ին կայացած գիտամեթոդական խորհրդում հավանության է արժանացել «Երերույքի տաճարի և փոքր դամբարանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը», որն էլ կիրականացվի դրամաշնորհի շրջանակում:

«Արդյունքում՝ երաշխավորված կլինի Հայաստանի վաղքրիստոնեական ճարտարապետության այս եզակի կառույցի հետագա պահպանությունը, պայմաններ կստեղծվեն պատմամշակութային հենքի վրա վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելու տարածաշրջանի պատմությունը, ճարտարապետությունը, արվեստը, կկազմակերպվեն կրթական ծրագրեր, որոնք անկասկած նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և հայոց մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ծրագրի մեկնարկի և հաջող իրականացման գործում կարևորելով և բարձր գնահատելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աջակցությունն ու մասնակցությունը:

«ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին հաջողվել է այս հավակնոտ ծրագրի շուրջ համախմբել միջազգային տարբեր մասնագետների, որոնց համատեղ գործունեության արդյունքում անվերապահորեն շահելու է Երերույքի տաճարը, շահելու է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի, Երերույքի պահպանության ծրագրին ցուցաբերվող այս աջակցության համար, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությանն ԱՄՆ դեսպանության շարունակական աջակցության համար։

Նախարարը տեղեկացրել է՝ այս պահին էլ Սանահինի վանքում շարունակվում են Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների վերականգնման աշխատանքները։

«Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ․ Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը և Սբ․ Հարություն եկեղեցին։ Մենք հիշում ենք նաև Մեղրիի եկեղեցու որմնանկարների և Դաշտադեմի ամրոցի վերականգնման աշխատանքներին աջակցությունը և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք Ձեր օգնությամբ, հարգարժան տիկին դեսպան, իրականացվել են մշակույթի և կրթության ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական և հիմք կհանդիսանա նոր ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված հայկական պատմամշակութային հուշարձանների խնդրին՝ ընդգծելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ևս ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով ներդրում ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», – ասել է դեսպան Քվինը։

ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած՝ իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։

Երերույքի տաճարը մասնագետները թվագրում են V դ. վերջով: Տաճարը Հայաստանի վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիներից ամենահայտնին է: Դրա մեջ ներդաշնակ միաձուլված են երեք ճարտարապետական դպրոցներ: Տաճարը պահպանված բազիլիկ շինությունների հնագույն պարզ ձևից աստիճանաբար բարդի անցման ընթացքը ներկայացնող հուշարձաններից է:

Երերույքը ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում։

Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել MVF նվագախմբի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան։ Հոլովակում տեղ են գտել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում և նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից։




Լրահոս