Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի պայմանագրային աշխատող, ջրմուղագործ-փականագործ Ս․Ե․-ն պատրաստվում է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանցից մեկին, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ։
Ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ծառայողները խուզարկության են ենթարկել Ս․Ե․-ին։ Խուզարկությամբ վերջինիս մոտից արգելված իրեր չեն հայտնաբերվել, սակայն տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտնել է, որ բնակելի գոտում գտնվող իր աշխատասենյակում առկա են թմրանյութեր:
Նշված աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 21,53 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրանյութերի նմանվող զանգվածներ։
Մասնավորապես՝ գրասեղանի վրայից հայտնաբերվել են կոնֆետի թղթերով քողարկված, մարիխուանային նմանվող 2 առանձնացված զանգվածներ, որոնց քաշը թղթերի հետ միասին կազմել է 20,84 գրամ։
Բացի այդ՝ զանգվածներից մեկում հայտնաբերվել է ևս մեկ փաթեթ, որում առկա է եղել կոկաին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 0,69 գրամ։
Քաղաքացի Ս․Ե․-ն խոստովանել է, որ վերոնշյալ զանգվածները բերել է հիմնարկ կալանավորված անձ Գ․Ա․-ին փոխանցելու նպատակով։
Ս․Ե․-ն ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։