«Սև ուրբաթը» տեղի է ունենում ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ուրբաթ օրը։ Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը։ Սև ուրբաթ կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռևս 19-րդ դարում, իսկ տերմինը՝ «Սև ուրբաթ», հայտնվել է 1966 թվականին և օգտագործվում էր հիմնականում ԱՄՆ-ի արևելյան մասում։
Ըստ ավանդույթի Սև ուրբաթին հաջորդող իրադարձությունը Կիբեռ երկուշաբթին է, որի ընթացքում IT-ընկերությունների մեծ մասը զեղչեր են առաջարկում, իսկ վերջերս զեղչերը սկսել են տարածվել նաև այլ ոլորտների վրա:
Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը օրեր առաջ հայտնել էր․
«Օրենսդրորեն հստակ պահանջ կոնկրետ առևտրի օբեկտում հայտարարված առավելագույն զեղչի չափով ակցիայի մեկնարկին պետք է լինի մեկ հինգերորդի չափով այդ հայտարարությանը համապատասխան զեղչ»,-ասաց Մարկոսյանը:
Նա հավելել էր նաև, որ փորձով է ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես, երբ որևէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին և այլն։
Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Հանձնաժողովի մշակած Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 31-ից:
ArmLur.am-ը այս առիթով խոսել է մանր և միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում, նշեց, որ համամիտ է այն որոշման հետ, որը կայացրել է ՏՄՊՊՀ-ն և հավելեց, որ «Սև ուրբաթ» Հայաստանում «քնած փողերը» արթնացնում է։
Հիշեցնենք նաև, որ այս տարի «Սև ուրբաթ» Հայաստանում կանցկացվի նոյեմբերի 24-ին։
Էմմա Միքայելյան