ԵՄ-ն դիտարկում է միության երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումները՝ որպես Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի բաղկացուցիչ մաս: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Եվրամիության անդամ երկրները քննարկում են ռուս դիվանագետների համար ճամփորդական սահմանափակումներ մտցնելու հարցը»,- գրել է հրատարակությունը։
Ըստ թերթի՝ նման առաջարկով հանդես է եկել Չեխիան։ Financial Times-ը նշում է, որ Պրահայում անհանգստացած են, որ պոտենցիալ հետախուզական գործակալները՝ ի դեմս ռուս դիվանագետների, իբր շրջում են Եվրամիության երկրներում։ Այդ կապակցությամբ Չեխիան առաջարկել է համոզվել, որ Ռուսաստանի Դաշնության դիվանագետները ստանան վիզաներ և կացության թույլտվություններ, որոնք թույլ են տալիս ճանապարհորդել միայն ընդունող երկրի ներսում, այլ ոչ թե ողջ Շենգենյան տարածքում:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը կազդի ֆիզիկական անձանց ու արտահանման վրա, այդ թվում՝ ադամանդների։ Ավելի ուշ Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի առաջարկներին՝ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վերաբերյալ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բումերանգի էֆեկտի տեսք ունեն, քանի որ եվրոպացիներն իրենք են տուժում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել էր, որ երկրին մինչ այժմ հաջողվել է ուղիներ գտնել՝ նվազագույնի հասցնելու նման սահմանափակումների բացասական հետեւանքները։