«Շատ դժվար օրեր ենք քաշել բլոկադայում: Ես չեմ կարող ասել, որ այդ օրերին մենք ապրել ենք, կարող եմ միայն ասել, որ գոյություն ենք ապահովել»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Սրբուհի Սաֆարյանը:
«Օրեր էին լինում հերթերից դափ-դատարկ էինք վերադառնում: Համարյա ոչինչ չկար, իսկ եղածից էլ շատ բան չէինք կարող գնել.թանկ էին: Ձգտում էինք գոնե երեխաների ամենօրյա հացն ապահովել, որ սոված չմնան: Ես էի ազատ՝ ես էի հերթ կանգնում, ամուսինս էր ազատ՝ ամուսինս էր կանգնում: Այդպես իրար օգնելով հերթում օրեր էինք գլորում: Դժվար էր, բայց հուսահատություն չկար մարդկանց մոտ: Դեռ շատերս համոզված ասում էինք՝ «որ այսքան երկար է ձգվում, ուրեմն վերջում լավ է լինելու»,- պատմում է Սրբուհին:
Սրբուհին ամուսնու և երեք երեխաների հետ ապրել է Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում՝ ամուսնու մեծ ընտանիքի հետ: Գյուղում աշխատանք չգտնելու պատճառով՝ տեղափոխվել էին Ստեփանակերտ:
«Ամուսինս ծառայությունից հետո համալրել է Պաշտպանության Բանակի սպայական շարքը: Ծառայում էր Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: Որպեսզի ամեն օր երկար ճանապարհ չկտրի Ստեփանակերտ հասնելու համար, տուն վարձեցինք և տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Սիրով էր ծառայությունը շարունակել: Մասնակցել է քառօրյա, 44-օրյա և այս վերջին պատերազմին: Ուղիղ 19 տարի ծառայել է ՊԲ-ում և երբեք ոչինչ չի պատմել առաջնագծից՝ թե լավ, թե վատ: Տեղյակ չէի ինչ իրավիճակ է այնտեղ և երբ ասում էի պատերազմ էլ չի լինի ասում էր, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Անկեղծ, ես պատերազմին չէի սպասում…»,- ասում է Սրբուհին:
Երկու օր ապաստարանում անցկացնելուց հետո միայն՝ Սրբուհին հավաքեց իր առաջնային իրերը: Ինչպես նա է պատմում՝ շատ բան չի էլ վերցրել, ասում է՝ «սիրտս չէր գնում տան իրերս բաժան-բաժան անել»: Տնից ոչինչ չի վերցրել միայն անձնական իրեր և երեխաների համար մի քանի շոր:
«Սեպտեմբերի 20-ին, Քրքչանից (Կրկժան) Ստեփանակերտ իջնել էր ցանկանում թշնամին, կրակոցներն անգամ հասնում էին Վերածննդի հրապարակ: Այդ ժամանակ Կառավարության և Քաղաքապետարանի ապաստարաններում էին գտնվում նաև գյուղերից տեղահանվածները: Կրակոցներից հետո պարզվեց, որ թշնամին 50 զոհ տալով նահանջել է Կրկժանի վերևում գտնվող մի աղբյուր կա այնտեղ: Մի քիչ հանգստացանք՝ հույս ունենալով, որ կստիպենք էլի նահանջել թշնամուն, սակայն դրան հաջորդեց այն հայտարարությունը, որ ըստ շրջանների պետք է լքենք Արցախը: Սեպտեմբերի 23-ին վերադարձավ ամուսինս, իսկ սեպտեմբերի 27-ին դուրս եկանք Ստեփանակերտից: Ամբողջ ճանապարհին աղոթել եմ, որ ողջ-առողջ անցնենք Հակարին»,- վերհիշում է մեր զրուցակիցը:
Սրբուհին ընտանիքի հետ հիմա ապրում է Արագածոտնի Արագած գյուղում: Տունը դժվար են գտել, բայց համեմատած այլ տների, վարձը թեթև էր: Երեխաներն արդեն դպրոց են գնում, իսկ իրենք փորձում են աշխատանք գտնել, որ կարողանան հոգալ ընտանիքի հոգսերը:
Ընտանիքին աջակցություն ցանկացողները կարող են կապ հաստատել հետևյալ հեռհամարով՝ 098/148-831
Նանիկ Աղասյան