ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր Արցախի համար հանգել ա լույսերը. Արցախում բենզինի պայթյունից տուժած 17-ամյա Նելսոնն արդեն տանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Պայթյունի վայրում էր նաև 17-ամյա Նելսոն Սարգսյանը, իր հոր՝ Աշոտ Սարգսյանի հետ։

«Կամաց կամաց առաջ էինք գնում, որ բենզինը վերցնենք ու դուրս գանք ու էդ պահին չհասկացա, թե ինչ կատարվեց։ Ճիշտն ասած գիտեի, թե մահացել եմ։ Մինչեվ ուշքի եմ եկել արդեն ուշ էր, վառված էի։ Ձեռքերս ցավում էր, երբ փորձում էի դուրս գալ։ Ընկնելու պահին, շատերը վազում էին, ոտքերի հարվածներից եմ ուշքի եկել։ Մի անգամ դուրս եմ եկել փոսից, նորից ուշաթափվել։ Հետո հորեղբայրս օգնեց դուրս գամ։ Պանելը ծռված էր, չէր պոկվել, թեք վիճակում էր, կոտրելուց փոսեր էր առաջացել, այդտեղից եմ բռնել եվ բարձրացել, հորեղբայրս էլ թիկունքիցս հրեց եվ օգնեց, որպեսզի դուրս գամ։ Հետո հորեղբայրս օգնեց հորս, դուրս եկան։ Գնացել ենք օդանավակայան, հայրս դեռ լավ էր, ման էր գալիս, հագուստսներս հանել են, վիրակապել մեր ձեռքերը։ Շատ մարդ կար այդ վիճակում»,- մեզ հետ զրույցում նշում է Նելսոնը։

Սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների հետևանքով, Սարգսյանների ընտանիքը նույնպես ստիպված լքեց իրենց տունը, թշնամին արդեն իրենց թաղամասում էր։ Մի քանի օր անց, երբ սկսվեց բնակչության տարհանումը, լսելով որ Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում բենզին կա, շտապեցին այդ տարածք, անհրաժեշտ վառելիքը գտնելու և ընտանիքը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով։

«Ամուսինս երեխայի հետ գնաց բենզինի հետևից, ավտոբուսներով տեղափոխվելը չէր ստացվում։ Մորաքրոջ որդին ասել էր, որ իր ընկերոջ մեքենան կարող է վերցնել և երեխաներին տեղափոխել։ Երեխայի հետ գնաց, որ բենզին վերցնի, ես չէի էլ իմացել, որ գնացել են Հայկազով, ասեց Ֆլեշ- ում ենք, էսա կվերցնենք ու կգանք։ Ժամը 5-ն անց էր, զանգեցինք ասեցինք ուր եք մնացել, ինչու չեք գալիս, ասեց բենզինը պայթել է, վառվել ենք, ես, Նելսոնս, Նելսոն ա կանչում, ռուսների մոտ ենք։ Վախեցած վազեցինք դուրս, մեքենա չկար, մի կին իր երեխայի հետ պատրաստվում էր գալ Հայաստան, իրերի մոտ մեզ նստեցրեցին, գնացինք ռուսների մոտ։ Չէին թողնում մենք տեսնեինք, փեսայից էլ տեղեկություն չկար։ Գնացինք պայթյունի տեղը, քուրս կանչում էր Արթուր, Արթուր, մենք էլ նայում էինք, չկար։ Մենք էլ գնացինք հիվանդանոց, մանկական հիվանդանոց ենք գնացել, ամեն տեղ նայել՝ դիահերձարանում, Արթուրին չենք գտել։ Մինչեվ հիմա չենք գտել, անհայտ ա։ Մեկ ամսից ավել է, Նելսոնը հիվանդանոցում էր, մի քանի օր առաջ ենք եկել, շաբաթը երկու անգամ տանում ենք վիրակապելու։ Քույրս է այս տունը վարձել, իմ աղջիկներին էլ հետը պահել, ամուսինս հիվանդանոցում 9 օր է մնացել, մահացել։ Հիմա միայն ես եմ երեխաների հետ, չգիտեմ ոնց պիտի աշխատեմ, էս անծանոթ տեղը, Նելսոնը վիրահատություն ունի, վիրակապելու պիտի տանենք։ Միակ խնդրանքս, որ գոնե օգնեն տնով, որ կարողանամ երեխաներիս հավաքեմ մի կերպ պահեմ, մինչեվ․․․»,-եզրափակում է Լիլիա Մարդյանը՝ Նելսոնի մայրիկը։

Հայկ Ավանեսյան




Լրահոս