Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս հարցը ներառված է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում։
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարությունն ընդունել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայերի պաշտպանության ակտի կապակցությամբ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Միլլի Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն համարում է լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին։ Սա լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար: ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման վառ օրինակ է։ Երբ Հայաստանն ընդլայնեց իր օկուպացիան Ադրբեջանի դեմ, իրականացվեց Խոջալուի ցեղասպանությունը և ադրբեջանական բնակչության ջարդերը, Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, չփորձեց կանխել այդ գործողությունները: Արդյունքում, ԱՄՆ ֆինանսական աջակցությունը օգնեց Հայաստանին օկուպացնել ադրբեջանական հողերը։
ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին ենթարկվել է լիակատար փլուզման։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հենվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռականորեն կարձագանքի բոլոր բացասական քայլերին»։
Քննարկումներից հետո հայտարարությունը դրվել է քվեարկության և ընդունվել: