Ձերբակալվել է պարեկներին 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով վերջիններիս կողմից ձերբակալվել և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել Ա. Ս.-ն:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ 2023 թվականի նոյեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում, նկատելով, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Ա. Ս.-ն, գրպանից հանել և նետել է կաթուցիչով թմրամիջոցը, պարեկային ծառայողները կանչել են իրենց երկու այլ ծառայակիցներին: Ա. Ս.-ն դեպքի վայր ժամանած պարեկային ծառայողներից մեկին առաջարկել է առանձին զրուցել, որի ընթացքում վերջիններիս և դեպքի վայրում գտնվող մյուս պարեկային ծառայողների կողմից իր օգտին ապօրինի անգործության, այն է՝ ենթադրյալ հանցանք կատարելու փաստը չարձանագրելու ու դեպքի վայրից բաց թողնելու համար առաջարկել է 20.000-ական ՀՀ դրամ կաշառք յուրաքանչյուրին:

Ա. Ս.-ն ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու, ինչպես նաև վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց պարեկային ծառայության 4 աշխատակիցներին ընդհանուր 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս