
Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին ՀԱՊԿ նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի Հանրապետության նախագահության օրոք կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ մինչ այժմ մշակվում է երկու փաստաթուղթ, որոնք կապված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է, որն ուղղված է աջակցելու այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել Հայտարարության նախագիծը քննարկումից»,-ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ։