ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ փոփոխություններ են կատարվել Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու եւ ազատելու կարգում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հիշեցնելով, որ նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված տեղերում փոփոխության առաջարկի համար սահմանված էր ժամկետ՝ մինչեւ տվյալ տարվա մայիսի 20-25-ը, որի ընթացքում տնօրենները կարող էին դիմել լիազոր մարմնին՝ հիմնավորելով լիցենզիայով տրված տեղերի ավելացման պահանջը, սակայն այս ժամկետը հնարավորություն չէր տալիս փոփոխություններ կատարել ավելի ուշ, երբ դպրոցի համար հայտագրված սովորողների թիվը հստակ էր: Նոր կարգավորմամբ կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ է սահմանվել մայիսի 20-25-ը եւ օգոստոսի 20-25-ը առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով:  Ժամկետը երկարաձգվել է, քանի որ այդ ժամանակահատվածում տնօրենները հստակ գիտեն՝ տարրական օղակում լիցենզիայով սահմանված որքան տեղեր կարող են ավելացնել:

Կարգավորված չէր նաեւ առաջնահերթություններ ունեցող սովորողներին հաստատություն լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ընդգրկելու հարցը: Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերթություն ունեցողները կարող են հաստատություն  ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ, կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների՝ տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ հաջորդ փոփոխությունը կապված է հանրակրթության մեջ ժամկետից ուշ սովորողի ընդգրկման հետ, ըստ որի՝ մինչեւ տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը 8 տարին ներառյալ լրանալու դեպքում երեխան հաճախում է տարիքային խմբին համապատասխան դասարան՝ նախորդ կարգավորմամբ գործող 1-ին դասարանի փոխարեն:

Ներկայում քոլեջի կամ ուսումնարանի սովորողը ցանկացած դասարանում եւ ցանկացած պահի կարող է տեղափոխվել դպրոց, որը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ուսումնական նյութի յուրացման եւ ուսումնական գործընթացում ընդգրկվելու տեսանկյունից, ինչից ելնելով՝ հստակեցվել են նաեւ քոլեջից կամ ուսումնարանից հանրակրթական ուսումնական հաստատություն աշակերտների տեղափոխման հետ կապված հարցերը:

 

 

 

ՏԱՊԱԼՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգներ է ստանում, որ ԿԳՄՍ նախարարությունը, տապալելով գրքերի տպագրությունները, տապալել է նաեւ դրանց բովանդակային հատվածը։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ծնողները փաստում են, որ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագրքում 15-16 տարեկան երեխաների համար նախատեսված է վերլուծության ձեւեր։ Ծնողների բողոքի մեխն այն է, որ նրանց համար անհասկանալի է, թե ինչ է պահանջվում անել, եւ ինչ կապ ունեն «Տպագիր աղբյուրներից տեղեկույթի վերլուծության ձեւը» առարկայի հետ։

Այս դասագիրքը նոր չէ, իրապես այս դասագիրքը տպագրվել եւ հրատարակվել է 2014 թվականին։ Գիրքը երաշխավորված է նախկին Կրթության եւ գիտության նախարարության կողմից։ Գրքում հանդիպում են  քաղաքական ենթատեքստերով վերլուծություններ ենթադրող առաջադրանքներ, ինչն էլ  բողոքի ալիք է բարձրացրել։

Կա 2014 թվականին հրատարակված 2 դասագիրք, որոնք այն ժամանակ երաշխավորվել էին Կրթության եւ գիտության նախարարության կողմից։ Դասագրքերի բովանդակությունները եւ  հեղինակները տարբեր են, եւ ընտրությունը, ինչպես միշտ, թողնվել է դպրոցի վրա, ինչպես նոր տպագրված դասագրքերի դեպքում։ Այսինքն՝ ամեն նոր տպագրվող դասագիրք ունի նաեւ մեկ այլ հեղինակի կողմից ստեղծված եւ նախարարության կողմից հաստատված օրինակ, եւ դպրոցը կարող է դրանց մեջ ընտրություն կատարել։

Հիշեցնենք նաեւ, որ նոր տպագրված դասագրքերի ցանկում են 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանի դասագրքերը, որոնց վերաբերյալ ստացած բողոքներին «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է եւ անդրադառնում է։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱՄԵՆԱՏԱՔ ԱՇՈՒՆՆԵՐԻՑ

Աշխարհում այս տարվա հոկտեմբերը դարձել է ամենատաքը եղանակի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Միջին ջերմաստիճանը կազմել է ըստ Ցելսիուսի 15,30 աստիճան. այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով Եվրոպայի կլիմայի փոփոխության Copernicus ծառայության տեղեկագիրը։

«2023 թվականի հոկտեմբերը դարձել է ամենատաքն աշխարհում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. մթնոլորտի ստորին շերտերում օդի միջին ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի սանդղակով 15,30 աստիճան, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում հոկտեմբերի միջին ջերմաստիճանից եւ 0,40 աստիճանով բարձր՝ նախորդ՝ 2019 թվականին գրանցված ամենատաք հոկտեմբերից», – ասված է ծառայության կայքում հրապարակված տեղեկագրում։ Օդերեւութաբանները նշում են, որ ամիսն, ընդհանուր առմամբ, 1,7 աստիճանով ավելի տաք է եղել, քան հոկտեմբերի միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանում՝ 1850-1900 թվականներին: Ծովի մակերեւույթի ջերմաստիճանը նույնպես հասել է հոկտեմբերի համար ռեկորդային մեծության՝ Ցելսիուսի սանդղակով 20,79 աստիճանի:

 

 

 

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է

Իջեւանի դենդրոպարկը  ստեղծվել է 1960 թվականին կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիդ Սայադյանի կողմից, որը երկար տարիներ  տնօրինել է դենդրոպարկը։ Սայադյան ընտանիքի երեք սերունդներն իրենց  աշխատանքով, քրտինքով, ֆինանսական միջոցներով  զարգացրել, հարստացրել են դենդրոպարկը, ավելացրել այգու  տեսականին։ Լյուդվիգ  Սայադյանի որդին՝ Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն, այժմ  աշխատանքից ազատված Մեխակ Սայադյանը, մտադիր է  դենդրոպարկը փրկելու համար  մինչեւ վերջ պայքարել: Նա հայտնեց, որ  Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տերերը Իջեւանի դենդրոպարկի (բուսաբանական այգու) ոռոգման համակարգն ավերել են, Աղստեւ գետի հունը ավերել են 800  մետր երկարությամբ, մոտ 50 հազար խորանարդ մետր հող են հանձնել  Աղստեւ գետին, այդքան հող գետի հոսքով գնացել է  Ադրբեջան, դենդրոպարկի տարածքում մոտ 1500 ծառ ու թուփ է չորացել, դենդրոպարկի արժեքավոր եւ հազվագյուտ հավաքածուից  250 տեսակ վերացել է, 24 հազար տնկի է չորացել, ծառայգու տարածքից 5,7 հեկտար  ապօրինի խլել, տվել են պետությանը եւ բնությանը տասնյակ միլիարդների դրամ վնաս հասցրած Իջեւանի գինու, կոնյակի գործարանին, դենդրոպարկի  բոլոր 4 աշխատողներին   աշխատանքից  ազատել են, օրենքներ են խախտել, պետության  սեփականությունը հանդիսացող ունեցվածքը եւ գույքը անտեր թողել։

Նա ասաց, որ «Արգելանոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինությունը Իջեւանի բուսաբանական այգին վերացնում է, պատրաստվում է  նաեւ Ստեփանավանի դենդրոպարկը  վերացնել:  Մ. Սայադյանի վկայությամբ՝ 2023 թ. հուլիսի 6-ից  մինչեւ հիմա Իջեւանի դենդրոպարկի վերաբերյալ իր պատրաստած խիստ քննադատական   տեսանյութերը համացանցում մոտ 200  հազար դիտումներ են ունեցել։   Մ. Սայադյանը հայտնեց. «Ես պայքարել եւ պայքարելու եմ, մինչեւ չվերականգնվի  այգուս կոլեկցիան, չվերականգնվեն պետությանը եւ ընտանիքիս հասցված վնասները, մինչեւ չվերականգնվեն իմ եւ աշխատակիցներիս իրավունքներն ու հասցված վնասները։ Հասնելու եմ նաեւ հորս, իմ, եւ տղայիս մտավոր սեփականությունների գնահատմանը»։

 

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի որոշումներով՝ մարզի Նավուրի, Դեբեդավանի, Այգեձորի հանրակրթական դպրոցներում նշանակվել են վարչատնտեսական մասի համակարգողներ։ Այդ համակարգողները  կառավարելու են  դպրոցների ֆինանսական, նյութական ռեսուրսները, իսկ դպրոցների տնօրենները ղեկավարելու են աշակերտների  կրթական, դաստիարակչական, աշխատանքները, մանկավարժական կոլեկտիվը։  Հանրակրթական դպրոցներում, փաստորեն, սահմանվում է երկիշխանություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս