ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կառավարությունը նախատեսում է տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առեւտրային ընկերություններին տրամադրել պետական աջակցություն։ Միջազգային կառույցների կողմից մշակված ցուցիչների համաձայն՝ առանձնացվելու են այն ապրանքները, որոնց արտադրությունը համարվում է տնտեսապես բարդ։ Այդ ժամանակ հաշվի են առնվում ապրանքների արտադրության մեջ գիտատարության աստիճանը, արտահանման հնարավորությունները, միջազգային առեւտրի կառուցվածքում հարաբերական մրցակցային առավելությունը, ինչպես նաեւ այն, որ տվյալ ապրանքներն աշխարհում քիչ երկրներ են արտահանում եւ այլն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշեց, որ նպատակ ունեն, նման ապրանքներ արտադրող ընկերություններին աջակցելով, նպաստել արտադրությունների արդիականացմանը, ինչպես նաեւ արտահանման դիվերսիֆիկացիային։   

 

«Հիմնական ակնկալիքը տնտեսվարողների արտադրությունների արդիականացնումն է՝ հոսքագծեր, սարքավորումներ, արտադրամասեր։ Այստեղ խոսքը կապիտալ ներդումների մասին է, ինչն էլ հենց ենթադրում է արտադրության ենթակառուցվածքների արդիականացում։ Հաջորդ նպատակը արտահանման դիվերսիֆիկացիան է։ Այսինքն՝ արդյունքում ակնկալում ենք ունենալ նոր որակի ապրանքներ, որոնք կլինեն մրցունակ, եւ առաջխաղացում կգրանցվի արտահանման գծով»,-ասաց Անի Իսպիրյանը։

Տնտեսվարողներին աջակցությունը տրամադրվելու է հետեւյալ կերպ. ծրագրով առաջարկվում է սահմանել ներդրումների ծավալի նվազագույն շեմ՝ 1 մլրդ դրամ, ընդ որում՝ ներդրումները պետք է իրականացված լինեն աջակցման մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվելու է 3 փուլով։ Առաջին փուլում, երբ ներդրողը կսկսի իր արտադրությունը, կտրամադրվի աջակցություն կատարված ներդրումների 10 տոկոսի չափով։ Երկրորդ փուլում, երբ ընկերության արդեն իրացումը կհասնի կատարված ներդրումների 10 տոկոսին, ապա այդ դեպքում կտրվի 5 տոկոսի չափով աջակցություն, 3-րդ փուլում կառավարությունը նախատեսում է տրամադրել շահութահարկի 100 տոկոսի, եկամտահարկի 50 տոկոսի չափով գումար։

«Ի դեպ, այս վերջին փուլի աջակցությունը կարող է տրվել այնքան ժամանակ, մինչեւ աջակցության ընդհանուր չափը հասնի կատարված ներդրումների 20 տոկոսին։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ծրագրի շահառու լինելու համար ապրանքների ծագման երկիրը, ներդրումների կատարման վայրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նախարարի տեղակալը։

Նա տեղեկացրեց, որ նշված ապրանքների ցանկը կհաստատվի մինչեւ նոյեմբերի վերջ, ու այդ ժամանակ էլ տնտեսվարողները կարող են դիմել նախարարություն ծրագրի շահառու դառնալու նպատակով։ Տնտեսվարողները հետ ստացած գումարները կարող են տնօրինել, ինչպես ցանկանում են։

 

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՆ

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ օրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականությունը եւ մոտեցումն ուղղված են առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը:

«Եվ այս բյուջեում ամենակարեւոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը եւ ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,-ասաց Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ:

«Բայց հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը եւ ակնկալվող ծրագրերը՝ մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը՝ 144 մլրդ դրամը, դեֆիցիտից կբարձրանա վերեւ եւ կհայտնվի մեր ծախսերի մեջ՝ որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ դա ֆիսկալ վիճակի վրա էական ազդեցություն չի ունենա: Գումարները, որոնք նախկինում տրամադրում էին որպես վարկային միջոցներ, հիմա կտրամադրեն որպես ծախս. այդ ծախսն արդեն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը:

Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում:

Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝  710 մլրդ դրամ:

Բյուջեի նախագիծը հանձնաժողովում ստացավ 4 կողմ, 1 դեմ ձայներ: Այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

 

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ԿՆԵՐԱՌՎԵՆ

Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի նախագծում կներառվեն նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թոշակների եւ նպաստների գծով ծախսերը, ինչը կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ կապված ծախսերը ներկայացված նախագծում ներառված չեն: Պատճառն այն է, որ բյուջեն կառավարության կողմից հաստատվել է սեպտեմբերի վերջին:

«Այդ օրերին ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք: Մարդկանց քանակի եւ իրավիճակի վերաբերյալ հստակ պատկեր չկար: Ըստ այդմ, քննարկեցինք, որ երկրորդ ընթերցմամբ նախագիծը քննարկելուց առաջ կներկայացնենք նաեւ այդ հավելյալ ծախսերը: Մենք կներառենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թոշակների եւ նպաստների գծով ծախսերը, որը կավելացնի մեր կենսաթոշակային ծախսերը մոտ 30 մլրդ դրամով»,- ասաց Հովհաննիսյանը:

Կառավարությունը նոյեմբերի 9-ին կհաստատի կենսաթոշակների օրենքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը կուղարկեն Ազգային ժողով: Դա հնարավորություն կտա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուների թոշակները վճարել այնպես, ինչպես եղել է այն ժամանակ, երբ նրանք գտնվել են Լեռնային Ղարաբաղում:

 

 

ԿՈՒՂՂՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանում 2024թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի 41 տոկոսը հաջորդ տարի կուղղվի պաշտպանության ոլորտին:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

2024 թվականին կապիտալ ծախսերն ավելանում են եւ դառնալու են 710 մլրդ դրամ։ «Կապիտալ ծախսերի 41 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,-ասաց նախարարը:

Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ պաշտպանության ոլորտին հատկացնելու են 555 մլրդ դրամ. դա 7 տոկոսով ավելին է, քան 2023 թվականին:

«Պաշտպանության ծախսերը համախառն ներքին արդյունքում կկազմեն 5.3 տոկոս»,- նշեց նախարարը:

 

 




Լրահոս