Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա եւ ժամի հաստատումն է եղել:

 

Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:

ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։

Համաձայն ՀՖՖ կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ նախագահի տեղի համար։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետեւյալ պահանջներին.

ա) մինչեւ թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (պաշտոնատար անձ (դիմելու պահին պաշտոնը չզբաղեցնող), նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած) կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան եւ այլն),

բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակվել պետության տարածքում,

գ) լինել առնվազն 25 տարեկան եւ ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք,

դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որեւէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել,

ե) չգտնվել սնանկության գործընթացում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Իհարկե, ընտրություն որակել այս գործընթացն այնքան էլ տեղին չէ, քանի որ ՀՖՖ նախագահ դառնում է իշխանական հովանավորություն ունեցողը միայն:

Մեզ փոխանցում են, որ կուլիսներում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, քննարկվել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը: Լուրեր կան, որ նրա լոբբինգով զբաղվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս անձի թեկնածության հետագա ճակատագրի հետ կապված՝ հստակություն ներկա պահին չկա. զուգահեռ քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի ղեկավար, Սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը, ում թեկնածությունն այս պահին կարծես ավելի հավանական է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը դժգոհ է ՀՖՖ ներկայիս նախագահի՝ Արմեն Մելիքբեկյանի գործունեությունից, ինչին գումարվում են խայտառակ փաստերը՝ ընդդեմ Մելիքբեկյանի:

ՀՖՖ-ից տրված բանկային քարտ կորցնող, ֆուտբոլային խայտառակ թվով  հաշիվների, ֆուտբոլիստներին անտերության մատնած եւ ինքնամփոփ ու ոչ մեկի հետ չշփվող Մելիքբեկյանի ժամանակը կարծես սպառվել է: Ինչեւէ, հետեւենք ընթացքին:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում եւ Կանադայում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:

Մեր տեղեկություններով՝ համերգները կկայանան հետեւյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին՝ Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում,  նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն հոլ»-ում, նոյեմբերի 19-ին՝  Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահում (La Maison Symphonique), նոյեմբերի 21-ին՝  Բոստոնի սիմֆոնիկ հոլում: Ծրագրում ընդգրկված է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը եւ Սիմֆոնիա թիվ 5-ը:

Համերգների մենակատարներն են համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը եւ Անուշ Նիկողոսյանը:

Նոյեմբերի 21-ին Բոստոնի սիմֆոնիկ հոլում կայանալիք համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը, որպես մարդասիրական օգնություն, կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցությանը:

Համերգի աջակիցներն են Pan Armenian Council of New England-ը, AGBU New England District-ը, Armenian Relief Society-ն, Friends of Armenian Cultural Society-ն, YerazArt հիմնադրամը եւ Tekeyan Cultural Association-ը: Հունաստանում կայանալիք համերգներն իրականացվում են Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925 թվականին: Գրեթե 100-ամյա նվագախումբն ունի հարուստ երաժշտական ավանդույթներ ու պատմություն: Հանդես է եկել բազում անվանի դիրիժորների ու մենակատարների հետ աշխարհի տարբեր հեղինակավոր համերգասրահներում: 2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, որի օրոք նվագախումբը գրանցել է բարձր կատարողական մակարդակ եւ ամենուրեք արժանացել հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականին:

 

 

 

ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի 4-րդ տուրի հանդիպումները:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ` A խմբում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Գալաթասարայ»-ին, «Կոպենհագեն»-ը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:

B խմբում կկայանան «Արսենալ»-«Սեւիլիա», «ՊՍՎ Էյնդհովեն»-«Լանս» հանդիպումները:

C  խմբում «Նապոլի»-ն կընդունի «Ունիոն Բեռլին»-ին, Մադրիդի «Ռեալ»-ի մրցակիցը  կլինի «Բրագա»-ն:

D խմբում «Ռեալ Սոսիեդադ»-ն ուժերը կչափի «Բենֆիկա»-ի հետ: «Զալցբուրգ»-ը սեփական հարկի տակ կխաղա «Ինտեր»-ի հետ:

Խմբային փուլի այս տուրի հանդիպումների մեծամասնությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

 

 

ՉԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան  խմբային 4-րդ տուրի հանդիպումները:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` պայքարի մեջ մտան E, F, G, H խմբերի ակումբները:

E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը խոշոր` 6:0 հաշվով գերազանցեց «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ֆեյենորդ»-ին:

F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2 գնդակ ուղարկեց «Նյուքասլ Յունայթեդ»-ի դարպասը, իսկ «Միլան»-ն առավելության հասավ ՊՍԺ-ի նկատմամբ 2:1 հաշվով: G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Յանգ Բոյզ»-ի դարպասը, «Ցրվենա Զվեզդա»-ն 1:2 հաշվով զիջեց «Լայպցիգ»-ին:

Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը անսպասելի հաղթանակ տոնեց «Բարսելոնա»-ի նկատմամբ միայն մեկ գնդակի առավելությամբ (1:0), «Պորտու»-ն գերազանցեց  «Անտվերպեն»-ին 2:0 հաշվով:

 

 

ԽԱՉԱՆՈՎԸ՝ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող ԸՁՀ-250 շարքի մրցաշարում։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղում Խաչանովը մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղից հետո առավելության հասավ  ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ, եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:

 




Լրահոս