Շավարշ Գրիգորյանը 2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին, իսկ 2021թ. հոկտեմբերից մինչեւ 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հավելենք նաեւ, որ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզում, «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թերեւս պաշտոնյայի հայրն է։ «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊ ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը եւ նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաեւ զբաղեցրել է Սեւանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաեւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օգնականը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանին են պատկանում մի քանի ձկնաբուծական ընկերություններ եւս, սակայն նրա հայտարարագրում որեւէ տող այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասին չկա։ Ավելին՝ Շավարշ Գրիգորյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրում եկամուտները կազմել են 214 մլն 584 հազար դրամ։ Եկամուտների գրեթե 74 մլն դրամը վարկ է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ից եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Շավարշ Գրիգորյանը 142 մլն 740 հազար դրամ ստացել է գույքի օտարումից, սակայն մութ է մնում այն կետը, թե այդ ինչ թանկարժեք գույք է ունեցել եւ վաճառել նախկին փոխնախարարը։ Փաստն այն է, որ Գրիգորյանը, հանդիսանալով մի շարք ձկնաբուծական ընկերությունների համասեփականատեր, որեւէ եկամուտ չի ստացել այդ ընկերություններից, ինչը կասկածելի է։ Նա 2021 թվականից հանդիսանում է «ՄԱԿ ՖԻՇ» ՍՊԸ-ի 8.34% բաժնետեր եւ «Հայնավթ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր եւ այս ընկերությունների շրջանառությունից որեւէ ֆինանսական եկամուտ չի ստացել։ Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում, որը ձեռք է բերել 2023 թվականի մարտի 17-ին։ Հայտարարագրից հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա վերջում կազմել է 58 մլն 078 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն 267 հազար դրամ, 400 ԱՄՆ դոլար եւ 657 եվրո։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտարարագրել է 2 մեքենա, որից մեկը բեռնատար՝ KRAZ մակնիշի, ձեռք բերված 2000 թվականին, եւ 2022 թվականին ձեռք բերված՝ 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի։ Նրան է վստահված իրականացնել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգել եւ վերահսկել քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման եւ գանձման, կազմակերպական, մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների, քարտուղարության, մատակարարման եւ տեխնիկական սպասարկման ծառայության եւ առաջին եւ զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի աշխատանքները: Հավելենք նաեւ, որ Շավարշ Գրիգորյանը հանդիսանում է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, եւ վերջին գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Ավինյանը վրդովված նշեց, որ Տորք Անգեղի այգում դատարանը ստիպում է տալ շինթույլտվություն, ինչը զայրացրել էր Ավինյանին։ Նա հրահանգել է Շավարշ Գրիգորյանին զբաղվել այդ հարցով. վերջինս, ըստ երեւույթին, հարցերը պետք է կարգավորի նախարար Մինասյանի հետ։
Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ում կյանքն այլեւս խաղաղ ու հանգիստ չէ: Թեեւ արդեն մեկ ամիս է անցել, ու մի կերպ կարողացել են իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնել, բայց մինչ օրս իշխանությունը մեղավորների փնտրտուքներով է զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականների մեծ մասը պարտության մեղավոր համարում է կարկառուն ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանին, որն այժմ փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում: Բանն այն է, որ ընտրությունների ժամանակ նա է գլխավորել ՔՊ նախընտրական շտաբը, ու հենց նրա վրա է եղել տարբեր նախկին-ներկա քաղաքական ֆիգուրների ու թաղային հեղինակությունների հետ հանդիպելու պարտականությունը, բայց, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, նա մատը մատին չի տվել, դրա համար էլ տապալել են ընտրությունները: Ահա այս պատճառով էլ ընտրություններից հետո ՔՊ-ականների ու Արմեն Փամբուխչյանի հարաբերությունները լարված են: Չնայած դժգոհություններին՝ Արմեն Փամբուխչյանն էլ իր, այսպես ասած, հակափաստարկներն ունի. նա էլ թիմակիցների մոտ բացահայտ հայտարարել է, որ միայն ինքը չի պարտվել, ապա հավելել, որ «եթե Կոնջորյանի թեկնածությունն առաջադրեինք, այսպես չէր լինի»: Կարճ ասած, ՔՊ-ում մինչ օրս դեռ վերլուծում են իրենց ձախողման հարցը ու մեղավորներ փնտրում:
Բենզինի աճող գնին զուգահեռ՝ հեղուկ գազի գներն էլ են բարձրանում: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգում բազմաթիվ վարորդներ այն մտահոգությամբ, որ ոչ միայն հեղուկ գազի գինն է բարձրացել, այլ նաեւ որակն է ընկել, նախկինը չէ: Պարզվում է, որ հեղուկ գազի կալորիականությունը 25%-ով նվազել է: Եթե նախկինում հնարավոր էր 5000 դրամի լցնել 25 լիտր հեղուկ գազ եւ երեւանյան փողոցներով վարել մոտ 200 կմ 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում, այսօր արդեն նույն 25 լիտրով նույն 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում նույն երեւանյան փողոցներով հնարավոր է լինում վարել 145-150 կմ, այդ էլ՝ այն դեպքում, որ հետազոտություն անցած մեքենաները չունեն որեւէ խնդիր, ըստ այդմ՝ վառելիքի կորուստ: Այն, որ ստացվում է՝ հեղուկ գազի մեկ լիտրի արժեքը այսօր 200 դրամ է՝ նախկին 140-ի համեմատությամբ, դա հարցի ողբերգականության միայն մի հատվածն է. գների բարձրացմանը զուգահեռ՝ նվազում է նաեւ կալորիականությունը՝ վնասելով միջին վիճակագրական եւ դրանից էլ նույնիսկ ցածր աշխատավարձ ստացող վարորդի վճարունակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ՝ պարզելու, թե ինչն է նման խայտառակ վիճակի պատճառը, եւ թե արդյոք որեւէ քայլ ձեռնարկվում է այդ ուղղությամբ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների եւ անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։ Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որեւէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ եւ մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, եւ մտնելուց առաջ էլ նրանց միջեւ լարված իրավիճակ եւ լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել։