Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ Սամվել Շահրամանյանի ընտրություններից առաջ Ադրբեջանը հստակ մեսիջ է ուղարկել, որ ռազմական ագրեսիայի է դիմելու:
Արցախի պատգամավորը նաեւ հայտարարեց, որ ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ կան, սակայն օրակարգի շուրջ դեռ չեն կարողանում համաձայնության գալ:
-Պարո՛ն Աղաբեկյան, հայ ժողովրդի 30-ամյա պայքարից հետո այսօր ունենք պատմության մեջ առաջին անգամ մի իրավիճակ, երբ ամբողջությամբ հայաթափված է Արցախը, քաղաքական ղեկավարությունը ապօրինաբար գերեվարված է Ադրբեջանի իշխանության կողմից: Արդեն անցել է այս ամենից մեկ ամիս եւ ավելի. ինչո՞ւ հասանք այս իրավիճակին՝ ըստ Ձեզ, ո՞վ էր մեղավորը:
-Իրականում բավականին բարդ հարց եք տալիս, որովհետեւ եթե փորձենք մանրամասն նկարագրություն տալ դրան, ժամեր կարող է տեւել. ընդամենը կարող ենք ասել, որ այս իրավիճակի պատասխանատվությունն ու մեղավորությունը կոնկրետ անձերի վրա բարդելը ճիշտ չէ, այն բազմաշերտ է, եւ կարծում եմ, որ մեծամասամբ պայմանավորված է եղել հենց բանակցային գործընթացով: Անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո, կարծում եմ, պատմական հնարավորություններ են եղել, որոնք բաց ենք թողել: Ընդհանուր նաեւ տնտեսական, քաղաքական եւ ռազմական տեսանկյունից բավարար պաշտպանական քաղաքականություն չի վարվել:
Ամենացավալին եւ տխուրն այն է, որ ապրել են երկու տարբեր իրականություններում: Իշխանությունը, որպես այդպիսին, գնացել, բանակցել է լրիվ ուրիշ բանի մասին, եւ փակ են պահել հասարակությունից, ու հասարակության մեջ քարոզվել է լրիվ ուրիշ բան:
-Արցախի՞ իշխանությունների մասին է խոսքը:
-Չէ, Արցախի իշխանությունները երբեւէ բանակցելու իրավունք չեն ունեցել. խոսքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների մասին է եւ առանձնացված իշխանությունների մասին չէ, այլ փաստացի Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո, երբ որ քաղաքական գործընթացներ են տեղի ունեցել, եւ սկսվել է «ոչմիթիզականության» քաղաքականությունը վարվել, մի իրականություն ներկայացվել է հանրությանը:
Ցավոք սրտի, պաշտպանողականության գործնական քայլեր չեն կատարվել, եւ 20 թվականի պատերազմի ժամանակ ջարդվել է նաեւ տարածաշրջանում մարտունակ բանակի թեզը, եւ մենք տեսել ենք, որ երկարաժամկետ պատերազմների ժամանակ հաղթանակ գրանցելու եւ ժամանակակից պատերազմ վարելու տեսանկյունից ամենեւին էլ տարածաշրջանի մարտունակ բանակը չենք ունեցել: Սա խնդիրների փունջ է, որոնք, մենք կարծում եմ, որ ժամանակի ընթացքում քաղաքական եւ ռազմական վերլուծաբանները պետք է հստակ փաստահավաք աշխատանք կատարեն եւ ներկայացնեն, թե ինչպիսին են եղել պատճառները, ովքեր են եղել մեղավորները, եւ արդյոք հնարավոր էր խուսափել այս ամենից:
Կարծում եմ՝ ավելի գլոբալ հարց է, թե ինչ ենք անելու հետո: Համոզված եմ, որ Արցախի պատմության էջը չի փակվել, եւ դա իրենք՝ ադրբեջանցիներն են մեզ ապացուցել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Իմ գործընկեր Աննա Գրիգորյանի հետ համայնքային այցի շրջանակներում հանդիպում ունեցանք Արցախից բռնի տեղահանված եւ Արտաշատ խոշորացված համայնքի Մասիս գյուղում բնակվող կանանց հետ։
Հանդիպման մասնակիցները կիսվեցին իրենց խնդիրներով, նոր կյանքի պայմաններին հարմարվելուն առնչվող կարիքներով եւ ապագայի ծրագրերով։
Արցախցի մեր քույրերին հայտնեցինք, որ իրենց սոցիալական կարիքների, փաստաթղթային խնդիրների՝ արագացված ընթացակարգով լուծման պահանջով գրություններ են ուղարկվել համապատասխան գերատեսչություններին։
Շարունակելու եմ Արցախից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումների շարքը՝ աջակցելով նոր միջավայրում նրանց ադապտացմանը, որպես կին առաջնորդներ՝ իրենց գաղափարների իրացմանը եւ իրենց համայնքի հզորացմանը»։
ԿՄԵԿՆԻ ԲՐՅՈՒՍԵԼ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդի տարածած հաղորդագրությունից:
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին: Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կմասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Մենք վերջերս միասին մասնակցել ենք Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին։ Շուտով կհանդիպենք Մինսկում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում»,- ասել է Պուտինը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցություններում։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՈՏԵՆԱ՞
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաշքենդում կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Արցախը հայաթափելու Ադրբեջանի վերջին ագրեսիային, հայտարարել է, թե դրանով տարածաշրջանում մնայուն խաղաղությունը ավելի է մոտենում։ «Այդ ամենը կհեշտանա, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորությունը։ Շատ կարեւոր է ամենակարճ ժամկետում պահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ գիծը»,- ասել է Էրդողանը։
ԱՌԱՆՑ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը: Զուրաբիշվիլին կմասնակցի ֆորումի՝ «Մուլտիճգնաժամից մինչեւ մուլտիկոնֆլիկտ. ինչպես կոտրել արատավոր շրջանը» պանելային քննարկմանը: Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությունից ուղեւորության համար համաձայնություն չի խնդրել: Կառավարությունում Զուրաբիշվիլիի այցը դեռ չեն մեկնաբանել։ Հիշեցնենք, որ վերջերս իշխող կուսակցությունը փորձում էր իմպիչմենտ հայտարարել նախագահին հենց առանց կառավարության համաձայնության ուղեւորություններ իրականացնելու պատճառով։ Հատկանշական է, որ արդեն Փարիզում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը նույնպես մասնակցելու է խաղաղության համաժողովին: