«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
«Երեւանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք վերջին տարիներին քննարկվում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այն զբաղվում է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ եւ, մեր խորին համոզմամբ, կարեւորագույն դեր է խաղում Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի կայունացմանը, տարանցիկ եւ լոգիստիկ ներուժի բացահայտմանը: Երեք երկրների ղեկավարները այդ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման որոշումը կայացրել են Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Արդեն խմբի 12 նիստ է անցկացվել, մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակի գնահատման մասով, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ծրագրերի ընտրության հարցում: Հաջողվել է սերտորեն մոտենալ բոլոր կողմերի համար շահավետ փաթեթային լուծման:
Անդրադառնալով վերջին՝ Զախարովան նշել է, որ ցավոք, այդ հարցերում վերջակետ դնել դեռեւս չի հաջողվել:
«Ինչ-որ մեկը բավարար քաղաքական կամք չունի դա անելու համար, եւ դա մենք չենք: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների հիման վրա: Այնտեղ հստակ նշված է Ռուսաստանի դերակատարումը»,- ընդգծել է Զախարովան:
Նա անդրադարձել է նաեւ Հայաստանով անցնող տարածաշրջանային եւ միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաեւ դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցման անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ-ի կազմում ստեղծված ստորաբաժանմանը:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ վերոնշյալ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու լավ հարթակ է տարածարջանային խորհրդատվական «3+3» ձեւաչափը: Նա հույս է հայտնել, որ 2024 թ. Թուրքիայում նախատեսված հանդիպմանը կքննարկվեն տրանսպորտային հարցեր:
«Այս ձեւաչափում Երեւանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն»,- եզրափակել է Զախարովան:
ԿՄԱՍՆԱԿՑԻ ՖՈՐՈՒՄԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։ Այն կազմակերպվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո։ Ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին եւ 11-ին։
Ֆորումի խոսնակների թվում են Հայաստանի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու այլք։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ, ՔՆՆԱՐԿԵԼ
Նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետություն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
ԴԱՐՁԵԼ Է ԴԵՍՊԱՆ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարկ Լիբիի թեկնածությանը։ Այս մասին տեղեկացրել են ամերիկյան Սենատի X սոցցանցի էջում. տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մարկ Լիբիի թեկնածությունը հավանության է արժանացել քվեարկության միջոցով։ Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել էր Սենատի արտաքին գործերի կոմիտեն։
Մարկ Լիբին խորհրդական-բանագնացի կարգ ունի, ազատ խոսում է լեհերեն եւ ֆրանսերեն։ Մինչեւ 2021թ. հունիս զբաղեցրել է Բրյուսելում Եվրամիությանը կից ԱՄՆ առաքելության փոխղեկավարի եւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնները։
ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ՝ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հայտարարել է, որ եվրոպական գործերի ենթակոմիտեն հրավիրում է լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» անվանմամբ։
Լսումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին։
Նիստին կմասնակցեն եւ ելույթ կունենան նաեւ ԱՄՆ պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը եւ Եվրոպական եւ Եվրասիական բյուրոյի ղեկավարի օգնականի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։
ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որով Ադրբեջանին կոչ է արվել լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները: Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը եւ ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար՝ Գրանադայի հայտարարության համաձայն: Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն»։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Տոկիոյում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետեւանքները: Արտգործնախարարաները նաեւ հրապարակել են հայտարարություն։
«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետեւանքներով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իր պարտավորությունները եւ ողջունում ենք տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու միջազգային ջանքերը: Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղության խթանմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր երկիր Գազայի հատվածի ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ խնդրի կարգավորման գործընթացում՝ ստանձնելով երաշխավորի պատասխանատվությունը։ Իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշում ընդունի եւ մեծացնի ճնշումն Իսրայելի վրա»,- ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
Հստակեցվում է, որ Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է նաեւ, որ իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշվի եւ ճնշում գործադրի Իսրայելի վրա։ Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին Ստամբուլում նախատեսվում է միջազգային հանդիպում Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։