«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
ՔԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Մ-ն, հանդիսանալով 2018թ. մարտի 20-ին պետական գրանցում ստացած, «ՊՈՊՈ» անվանումով խանութների միջոցով խաղերի ու խաղալիքների առեւտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը եւ տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում խաղալիքների առեւտուր իրականացրած եւ նույն անվան ներքո գործած անհատ ձեռնարկատեր Ա.Պ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ու ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ եւ ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու ու հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու համար, իր եղբայր՝ նույն ընկերության հաշվապահ Ս.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 104-րդ եւ 105-րդ հոդվածների պահանջները, 2018թ. օգոստոս ամսից 2020թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը։ Վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաեւ, որպես Ա/Ձ, Ա.Պ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2018թ. օգոստոս ամսից 2020թ. դեկտեմբեր ամիսների ընթացքում վերջինիս միջոցով նույն եղանակով թաքցրել է անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները։ Արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրեն Մ.Մ.-ի, հաշվապահ Ս.Մ.-ի եւ Ա/Ձ Ա.Պ.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել են քրեական հետապնդումներ, եւ վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Հավելենք նաեւ, որ ներկայացված մեղադրանքում Մ.Մ.-ն, Ս.Մ.-ն եւ Ա.Պ.-ն իրենց մեղավոր են ճանաչել, հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ եւ հայտարարագրել նախկինում թաքցված 785.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունը, որից 2023թ. նոյեմբերի 8-ին պետական բյուջե են վճարել շուրջ 300.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած հարկային պարտավորությունները պարտավորվել են վճարել սեղմ ժամկետում։
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄ
Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղեւորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղեւորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել եւ տեղափոխվել է նախաքննական մարմին:
Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ մեկ այլ հաղորդում էր ստացվել: Քաղաքացին հայտնել էր, որ Սեւանի փողոցում անհայտ անձը իրեն կեղծ 5000-դրամանոց է տվել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ քաղաքացուն կեղծ թղթադրամը տվել էր 26-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ՝ նա ներկայացել է բաժին եւ խոստովանել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
ՔԱՇՔՇԵԼ ԵՆ, ՀԱՅՀՈՅԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղի մոտ «Ֆորդ» մակնիշի եւ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդները ճանապարհը չզիջելու շուրջ վիճաբանել են ու քաշքշել միմյանց։
«Մերսեդես»-ի վարորդի կինը, որը ամուսնու հետ է եղել, ողջ միջադեպի ականատեսն է եղել ու վիճաբանության ժամանակ օգնություն է կանչել։
Դեպքից հետո «Մերսեդես»-ի վարորդը կատարված միջադեպի մասին պատմել է որդիներին, ու կռիվը ունեցել է նոր շարունակություն։ «Մերսեդես»-ի վարորդի որդիները գնացել են Ջրառատի կամուրջի մոտ ու հանդիպման կանչել «Ֆորդ»-ի վարորդին։
Հանդիպումը կայացել է, ու սկսվել է թեժ քննարկում, որից հետո «Մերսեդես»-ի վարորդի որդին հանել է ինքնաձիգը ու կրակել միջադեպի մյուս մասնակիցների ուղղությամբ, որի կրակոցներից մեկ անձ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։
Իրավապահները փնտրում են միջադեպի մասնակիցներին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԵՄԶԱՇԵՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Պեմզաշենում սարսափելի սպանության համար մեղադրվողներից 33-ամյա Վրույր Բարսեղյանը նոյեմբերի 9-ին դատարանում հայտարարեց, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, ունի վեցամյա կրթություն։ Նա նշեց, որ ամուսնացած է, խնամքին ունի երեք երեխա, մայրն ու կինը։ Երեխաներից ավագը վեց տարեկան է, միջնեկը՝ չորս, փոքրը՝ մեկ, նախկինում դատապարտված չի եղել։
Հարցին՝ մեղադրական եզրակացությունը, իրավունքների վերաբերյալ հուշաթերթիկը ստացել է արդյոք, նա պատասխանեց. «Ստացել եմ, բայց չեմ կարդացել, հայերեն տառերին լավ չեմ տիրապետում։ Թարգմանչի կարիք չունեմ, հայերեն տառերը չգիտեմ, որովհետեւ Ռուսաստան եմ դասի գնացել»,-հայտարարեց Բարսեղյանը։
Հուշաթերթիկը նրա համար կարդալ խնդրեցին պաշտպան Աղաջանյանին։
Արկադի Բարսեղյանը հայտարարեց՝ ամուսնացած է, խնամքին հինգ տարեկան որդին է, հայրը, մայրը, եղբայրը։ Նախկինում դատապարտված չի եղել, հիմնականում մեկնել է արտագնա աշխատանքի։
Նրա՝ նոր ներգրավված պաշտպանը հայտարարեց՝ ծանոթ է գործի նյութերին, կարող են նիստը շարունակել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն:
Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։
Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: