ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ:

 

Ուղիղ ժամը 13:00-ին Ադրբեջանը սկսեց զանգվածային հրթիռահրետանակոծությամբ, ապա անօդաչու թռչող սարքերով հարվածել քաղաք Ստեփանակերտին, ինչպես նաեւ Մարտակերտ, Ասկերան եւ Մարտունի շրջաններին ու գյուղերին: Մարտերը տեղի ունեցան շփման գծի ողջ երկայնքով: Սառնաղբյուրի, Թաղավարդի, Սոս գյուղի բնակիչների վկայությամբ՝ նշված գյուղերում ադրբեջանցիները կատարել են մի շարք մարդկային դաժանություններ, որոնք կոծկելու համար սպանել են անգամ ռուս խաղաղապահների:

Ադրբեջանի Հանրապետության նպատակը մեկն էր՝ էթնիկ զտման ենթարկել հայկական Արցախը: Սեպտեմբերի 20-ին հայտարարվեց զինադադար: Ըստ զինադադարի՝ պետք է լուծարվեր Արցախի պաշտպանության բանակը, զինաթափվեր ժողովուրդը եւ ճանապարհ տրվեր դեպի մայր Հայաստան՝ Արցախը լքելու համար: Սեպտեմբերի 21-ից հայաթափվում էր Արցախը՝ ըստ շրջանների:

Մինչեւ Արցախից դուրս գալը՝ պատերազմի առաջին րոպեներից, նկարել ենք մի քանի դրվագ Ստեփանակերտում այդ օրերում տիրող կյանքից. շրջանների եւ գյուղերի բոլոր բնակիչները կենտրոնացել էին քաղաք Ստեփանակերտում: Մարտեր էին ընթանում Ստեփանակերտի մերձակայքերում՝ Աջափնյակում, Քրքչանում, Քարաշեն գյուղում: Քաղաքից լսելի էին ինքնաձիգի կրակոցների ձայները:

Պատերազմի սկսվելուն պես հանրապետության ողջ տարածքում հոսանք չկար, գազամատակարարումն ամիսներ առաջ էր արգելվել Ադրբեջանի կողմից, եւ մարդիկ հաց էին պատրաստում դրսում՝ փայտի վառարանների վրա:

Հոսանքի բացակայության պատճառով մարդկանց հոսքը չէր բացակայում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ Կառավարության շենքից, որպեսզի լիցքավորեն հեռախոսները հեռախոսակապ ունենալու համար:

Գաղթի ճանապարհին մարդիկ անակնկալի եկան ճանապարհին այդքան երկար կանգնեցնելու համար եւ ուտելիք հայթայթելու համար սկսեցին հարակից այգիներից նուռ եւ տանձ հավաքել: Ճանապարհին մարդիկ մի ընտանիք էին: Փայտ էին հավաքել եւ միս էին եփում: Նրանց մոտեցավ մի տղա երեխա (հազիվ 12 տարեկան) եւ դիմեց կանգնածներից մեկին.

-Ձյա՛ձ, կարիս ինձ էրկու կտոր մէս տաս: Մինը տամ մամուն, մինը՝ կուճիր քվորս:

-Հա՛, մատաղ ինիմ,- ասաց տղամարդը՝ ձեռքի ցելովանի մեջ լցնելով մի 8 կտոր միս:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, բենզալցակայանում դեռեւս անհասկանալի պայմաններում պայթյուն տեղի ունեցավ, եւ Եղբայրական գերեզմանոցի կողքի ճանապարհից (տարածքը տեղացիներն անվանում են մազի կամուրջ) մարդիկ կիսամերկ ու կիսավառված վիճակում վազում էին հիվանդանոց: Ճանապարհին մարդիկ մեքենաներում սպասում էին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից ուղարված շտապ օգնության մեքենաները գան եւ ծանր վիրավորներին տեղափոխեն ՀՀ:

Ծայրահեղ ծանր վիրավորներին ռուս խաղաղապահների միջոցով ուղղաթիռներով էին տեղափոխում ՀՀ:

 

 

 

ՏԱՐԿԵՏՈՒՄ՝ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արցախի բուժաշխատողներին անհրաժեշտ է տարկետում տալ լիցենզիա ստանալու հարցում։ Այս մասին Ազգային ժողովում առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին՝ «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 9-ին, ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ առաջարկվում է տարկետում տրամադրել մինչեւ 2025թ. հունվարի 1-ը։ «Այժմ բուժաշխատողները անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չեն հավաքում, բայց բուժկենտրոններում բավական թվով թափուր տեղեր կան, եւ այդ մարդկանց պետք է աշխատանքի տեղավորել»,- ասել է Նանուշյանը։

Արդեն 90 բուժաշխատողներ ստացել են լիցենզիա։ Իրականացվում են անվճար դասընթացներ Արցախի բուժաշխատողների որակավորման բարձրացման համար։ «Արդեն գրանցվել է 600 մարդ, բայց էլի 600 տեղ մնում է»,- ասել է պաշտոնյան։ Արցախցի բուժաշխատողները կարող են անվճար սովորել նաեւ օրդինատուրայում։ Քննարկումից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է  հանձնաժողովի դրական եզրակացությունը։

 

 

 

ՊՈՒՏԻՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա վարչակազմի անդամները եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել, սակայն այս տարի նման փաստաթղթերը չեն հրապարակվել։ Բանն այն է, որ այս տարվա մարտի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որով այս տարվանից դադարեցվում է պաշտոնյաների եկամուտների մասին տեղեկությունների հրապարակումը։ Հունվարին, երբ օրենսդրական նորմը դեռ քննարկվում էր խորհրդարանում, Կրեմլը նախաձեռնությունը բացատրեց նրանով, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները ներդնում են իրենց առանձնահատկությունները։ Միեւնույն ժամանակ, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ քաղաքացիական ծառայողները կշարունակեն տեղեկատվություն տրամադրել եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ։ 2021 թվականին Պուտինը վաստակել էր 10,2 միլիոն ռուբլի։ Երկրի ղեկավարին է պատկանում երկու բնակարան (77 եւ 153,7 քմ մակերեսով), ավտոտնակ, ավտոտնակի տարածք, ինչպես նաեւ «ԳԱԶ-21Մ» եւ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ։

 

 

ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂ ՉԿԱ

Դիլիջան քաղաքի բնակիչները հայտնում են, որ երբ իրենք  դիմել են Դիլիջանի համայնքապետարան իրենց տնամերձ կամ որեւէ օբյեկտ կառուցելու համար հող հատկացելու խնդրանքով, համայնքապետարանից պատասխանել են, որ քաղաքում ազատ հողեր չկան, որպեսզի տրամադրեն։  Նախկինում  փաստերով գրել եմ, որ Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, ներկայումս Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, համայնքի 39-ամյա ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը Դիլիջան քաղաքից հողեր է օտարել Երեւան քաղաքի  շատ բնակիչների։ Հիմա էլ համայնքապետը հող է օտարել Վանաձոր քաղաքի  բնակչի։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ  Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 5-ի թիվ 856-Ա որոշմամբ՝  2023թ. նոյեմբերի 6-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 600 քառակուսի մետր մակերեսով  հողամաս՝ Դիլիջան քաղաքի, Սարալանջի փողոցի թիվ 17/6 հասցեում,  բնակելի կառուցապատման նպատակով, 4200000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 4410000 դրամ առավելագույն գնով հաղթել է Վանաձոր  քաղաքի Լազյան փողոցի 45 շենքի   թիվ 32 բնակարանի բնակիչ Գուրգեն Հարությունյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 4 արձանագրությունը: Համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է  հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը եւ այդ հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Վանաձորի բնակիչ Գուրգեն Հարությունյանին։

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչ, Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ազատամարտին  մասնակցածները բողոքում են, որ այս տարվա հոկտեմբերին պետք է իրենց կենսաթոշակի չափն  ավելանար 5 հազար դրամով։ Այդ գումարը տրվում է  որպես  մարտական գործողությունների մասնակցի։ Սակայն,  մարտական գործողությունների շատ մասնակիցներ զրկված են  կենսաթոշակի  այդ հավելավճարից, քանի որ  մարտական գործողություններին իրենց մասնակցության փաստաթղթային հիմքեր չկան կամ չեն պահպանվել։ Այդպիսի  փաստաթղթեր են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ   «Երկրապահ» կամավորականների միության կողմից տրված վկայականները  կամ տեղեկանքները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս