ԶԱՌԱ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում, կապված երկրում իրավիճակի լարման հետ, մշակութային կյանք վարող արտիստների զգալի մասը, եթե ոչ բոլորը, սկսեցին դադար տալ իրենց գործունեությանը: Նրանց թվում էր եւ դերասանուհի, հումորիստ Զառա Սահակյանը, որը միայն վերջերս է վերսկսել ստեղծագործական ակտիվ գործունեությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զառան ներկայացրել է մանրամասներ, թե ինչով է այս պահին զբաղված, եւ ինչ անելիքներ կան մոտ ապագայում:

«Հեռուստադիտողը առիթ ունեցավ դիտելու իմ մասնակցությամբ շատ սիրված «Բոլոլա» սիթքոմը, որում, կարծում եմ, կարողացա կերտել այն կերպարը, որն ի սկզբանե հանձն էի առել: Հավանաբար «Բոլոլան» կունենա երկրորդ եթերաշրջան: Այս պահին ներգրավված եմ նաեւ «ԿինԿոդ» ներկայացման մեջ, «Women’s club»-ում եմ շարունակում իմ գործունեությունը եւ, իհարկե, իմ մոնոներկայացման՝ «Զառանցանք»-ի նոր՝ փոփոխված տարբերակի վրա եմ աշխատում»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Զառանցանք» ներկայացման փոփոխված տարբերակն ունենալու է  «Զառանցանք restart» անվանումը: Իմրոպվիզացիաների արդյունքում ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի հետ քննարկումից հետո որոշվել է ներկայացումը «Restart» անել, այդ իսկ պատճառով էլ հենց այդ անվանումն է ստացել այս անգամ:

Խոսելով ներկայացման փոփոխությունների մասին՝ Զառան պատմում է, որ երկար ժամանակ է, ինչ խաղում է «Զառանցանք» ներկայացումը, եւ շուրջ 14000 հանդիսատես է ունեցել:

«Ներկայացման առանցքը, հիմքը միմիայն հայ կնոջ մասին է, նրա խնդիրների, տեսակետների, մտորումների մասին է: Բայց միեւնույն ժամանակ էլ ի՞նչ հայ կին առանց տղամարդու, եւ այստեղ արդեն գալու է տղամարդու դերակատար, որի կերպարը կերտելու է հենց ներկայացման ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանը: Այս ամենին շատ հետաքրքիր լուծում, համ ու հոտ է տվել սցենարիստ Արմեն Կոջամանյանը. այն զրոից գրված կերպար է»:

Նոր գրված կերպար է կերտելու նաեւ հենց ինքը՝ Զառան:

«Մարմնավորելու եմ ծանրորդ կնոջ: Պատկերացրե՛ք՝ ինչքան բարդ է մարմնավորել այդ բնագավառի ներկայացուցիչ կնոջ հոգեվիճակը, թե ինչքան բարդ վիճակում կարող է նա հայտնվել եւ ինչերի հետ կարող է առնչվել: Իհարկե, այս ամենը հումորային տեսանկյունից է դիտարկվելու: Նաեւ ունենալու ենք հումորային, երաժշտական համար, որը անակնկալ է լինելու հանդիսատեսի համար»:

Խոսելով մոտակա նախագծերի մասին՝ Զառան նշում է, որ դեռեւս հստակ կարող է ասել, որ «Բոլոլա 2» եւ «Women’s club» նախագծերում է հանդես գալու, չնայած ունի երկու այլ նախագծի առաջարկ եւս, որոնք դեռեւս քննարկման փուլում են: Հաստատվելու դեպքում դերասանուհին կտեղեկացնի նաեւ դրանց մասին:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում դանիական «Կոպենհագենից» կրած 3:4 հաշվով պարտությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հեռացվել էր մանչեսթերյան թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Մինչեւ կարմիր քարտը մենք շատ լավ էինք խաղում։ Ռեշֆորդի հեռացումը փոխեց ամեն ինչ։ Սկսվեց այլ խաղ։ Մենք բաց թողեցինք երկու գոլեր, որոնք պետք է չեղարկվեին. խաղից դուրս վիճակ կար, հետո խախտում։ Դա հիասթափեցնում է։ Շատ որոշումներ մեր դեմ էին։

Վերջնամասում կորցրեցինք կենտրոնացումը։ Ծանր է երկար ժամանակ 10 ֆուտբոլիստով խաղալը։

Այսպիսի բաներ, բայց մրցաշրջանի ավարտին դեռ շատ կա։ Կարող է ամեն ինչ փոխվել մեր օգտին»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է BBC-ն։

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով վերջինն է։ «Բավարիան» 12 միավորով ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Կոպենհագենն» ու թուրքական «Գալաթասարայն» ունեն 4-ական միավոր։

 

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ

Իտալիայի հավաքականի եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալուն։

«Մենք դարձյալ արեցինք դա. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ»,- գրել է հայ ֆուտբոլիստը՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։

Չորրորդ տուրում ավստրիական «Զալցբուրգին» 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ՝ «Ինտերը» վաստակեց 10 միավոր եւ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը երրորդ մրցաշրջանում անընդմեջ է հասնում այսպիսի հաջողության։

 

 

 

ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՌԵԿՈՐԴԸ

Մադրիդի «Ռեալի» 64-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրը հաղթանակների քանակով. հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

Անչելոտին գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը։

Խմբային մրցաշարի չորրորդ տուրում պորտուգալական «Բրագային» 3:0 հաշվով պարտության մատնելու շնորհիվ՝ Անչելոտին Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակը հասցրեց 116-ի։ Ֆերգյուսոնը 115 հաղթանակ ունի այս մրցաշարում գլխավոր մարզիչի դերում։ Նա մարզչական կարիերան ավարտել է 2013 թվականին։

 

 

 




Լրահոս