ՖՈՏՈ․ Երբեմն հաղթելու չափազանց մեծ ցանկությունը լարվածություն է առաջացնում. ծանրորդ Գոռ Սահակյանը՝ սեփական հաղթանակների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում մեկնարկեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ընտրանին առաջնությանը մասնակցում էր 7 մարզիկով:

Գվադալախարա էին մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ):

Տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը, պոկում վարժությունում գլխավերևում պահելով 140 կգ, փոքր ոսկե մեդալակիր դարձավ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Ծանրորդը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել իր հաղթանակներին.

«Այս տարին ևս սկսեցի և ավարտեցի հաղթանակով:

Երբեմն հաղթելու չափազանց մեծ ցանկությունը լարվածություն է առաջացնում։ Բազում դժվարություններ հաղթահարելով՝ համառ աշխատանքով ավելի մոտեցա իմ նպատակին:

Աստծո օգնությունն ինձ հետ է միշտ, ես դա զգում եմ ու յուրաքանչյուր մրցման մեկնում եմ այն գիտակցությամբ, որ դա իմ հնարավորությունն է, որ պարտավոր եմ հաղթել:

Երախտապարտ եմ ծնողներիս, որ իրենց սիրով ու հոգատարությամբ կողքիս էին, մարզիչներիս, որ հավատացին, վստահեցին ու չխնայեցին իրենց ջանքն ու փորձառությունը:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում ու ոգևորում էին ինձ»,- գրել է Գոռը:

Հիշեցնենք, որ ապրիլին Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանին առաջին ոսկին բերել է հենց Գոռ Սահակյանը։

Երկամարտում 19-ամյա Գոռ Սահակյանը գրանցեց 320 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում նա բարձրացրեց 140 կգ, ապա 145 կգ: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 170 կգ և 175 կգ:

Մ.Ղ.




Լրահոս