«Ստեփանակերտից ինձ հետ բերել եմ միայն պատվոգրերս ու գավաթներս»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանն ինը տարեկան հասակից սկսեց հաճախել Սամբոյի ուշու մարզաձևին և սիրեց ու նվիրվեց մարզաձևի կանոնակարգին: Երեք տարի առաջ հորաքրոջ տղան առաջարկեց գնալ մարզադահլիճ, որն էլ պատճառ դարձավ Հայկի սամբոյին տրվելուն:
«Հետևեցի եղբորս պարապմունքներին և ինձ դուր եկավ: Դիմեցի մարզիչին և նա ինձ նոր խմբի հետ ընդունեց: Երկար էի պարապում, լինում էր անգամ արտաժամյա կամ տան պայմաններում էի պարապում: Չարչարանքերս արդյունք տվեցին՝ մարզիչս որոշեց ինձ ուղարկել մրցումների: Առաջին անգամ մասնակցել եմ Արցախի Հանրապետության հավատի խաղարկության մրցաշարին և նվաճել եմ մրցաշարի գավաթը: Այս նվաճումն ինձ մեծ ոգևորություն տվեց: Մասնակցել եմ Արցախի Հանրապետության ուշուի բաց առաջնության և գրավել առաջին տեղը, ինչպես նաև openArmenia kung fu մրցաշարին՝ զբաղեցնելով 2-րդ տեղը»,-պատմում է Հայկը:
12-ամյա Հայկը 2023թ. սեպտեմբերյան վերջին իրադարձություններից հետո ապրում է Աշտարակում՝ ընտանիքի հետ: Հայրը, առողջական խնդիրներից ելնելով, հիվանդանոցում է, իսկ մայրը, խնամելով հորը, փորձում է զուգահեռաբար աշխատանք գտնել:
«Մարզիչս Երևանում վերաբացել և շարունակում է պարապմունքները: Պարապմունքներին հաճախել չեմ կարողանում, իսկ Աշտարակում ուշուի խմբակ չի գործում: Շատ կցանկանայի շարունակել պարապմունքներս մարզչիս հետ, բայց այս պահին մայրս այդ հնարավորությունը չունի, իսկ հայրս հիվանդանոցում է: Սպասում եմ մինչև հայրս կազդուրվի, որ կարողանամ պարապմունքների գնամ»,-ասում է մեր զրուցակիցը:
Հայկը երազանքներ ու նպատակներ շատ ունի, ասում է, որ ձգտելու է բոլորին հասնել. «Երազանքս է դառնամ աշխարհի չեմպիոն, բարձրացնել Արցախի դրոշը և հաղթանակած վերադառնալ Արցախ, որտեղ ինձ կդիմավորեն դափնեպսակով՝ մեր «Տատիկ-պապիկի» («Մենք ենք մեր սարերը» հուշակոթող) մոտ:
Նանիկ Աղասյան