Գլխավոր դատախազությունը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրել է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող մի շարք քրեական վարույթներ:
Քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով՝ 1,8 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 12 դեղահաբ, որոնք ապօրինի վաճառել է Վ.Գ.-ին ու Մ.Շ.-ին:
Մեկ այլ քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ն.Ա.-ն, ունենալով դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա, Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գործող դեղատանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 6,9 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ «PGN 300» գրառմամբ 23 դեղահաբ:
Վերոնշյալ քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի վերոնշյալ գործունեությունը քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը), իսկ 2023 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մ.Դ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը):
Մ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ կիրառված է տնային կալանք և բացակայելու արգելք:
Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագրեր է ներկայացրել Առողջապահության նախարարություն՝ վերոնշյալ դեղատների գործունեության կասեցման հարցը քննարկելու նպատակով:
2023 թվականի նոյեմբերի 15-ին Առողջապահության նախարարության Լինցենզավորման հանձնաժողովի որոշմամբ՝ կասեցվել են Ն.Ա.-ին և Մ.Դ.-ին տրված լիցենզիաների գործողությունները: