ՕՏԱՐԱՍԻՐԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ ռուսական հայտնի «ԴԴՏ» ռոք խմբի մենակատար Յուրի Շեւչուկը, անդրադառնալով առաջիկայում ԱՊՀ երկրներում կազմակերպելիք շրջագայությանը, ասել է,  թե իրենք պատրաստ են համերգներ տալ ողջ հետխորհրդային տարածքում, բացի Հայաստանից ու Վրաստանից. «Հայաստանում, իմ կարծիքով, մնացել է 1 միլիոն, իսկ Վրաստանում` 2 միլիոն մարդ: Բոլորը հեռացել են, երիտասարդություն քիչ է մնացել: Մարդ չկա արդեն, ում առջեւ կարող ենք նվագել: Հայաստանում եւ Վրաստանում սարքավորումներ չկան, դրանք անիմաստ է Սանկտ-Պետերբուրգից տանել»: Որքան տեղյակ ենք, վերջին առնվազն 5 տարիների ընթացքում Շեւչուկը Հայաստանում չի եղել: Ուստի անհասկանալի է, թե ինչպես եւ ինչից է երգիչը եզրակացրել, որ այստեղ երիտասարդություն չի մնացել, ում առջեւ իրենք կարող են ներկայացնել «ԴԴՏ»-ի վաղուց արդեն  ոչ երիտասարդ ռոք երաժշտությունը: Հասկանալի չէ նաեւ, թե որտեղից է հայտնի երաժիշտը վերցրել 1 միլիոն թիվը: Սակայն հաշվի առնելով այն, որ Շեւչուկն առանձնացրել է հատկապես Ռուսաստանի  ոչ բարեկամ Վրաստանին, որտեղ ոչ միայն համապատասխան սարքավորումներ,  այլեւ չափազանց ակտիվ երիտասարդություն կա, կարելի է արդեն պատկերացում կազմել ռոքերի դատողությունների օբյեկտիվության աստիճանի մասին: Էլ չասած, որ մարդն անկեղծորեն խոստովանել է. «Մենք այդ  ծրագրում ոչ միայն հոգի ու ոգի ենք դրել, այլեւ փող: …Այդ իսկ պատճառով կուզենայինք ինչ-որ կերպ մեր ծախսերը հետ վերադարձնել»: Ինչ խոսք, այս հայտարարությունից հետո Շեւչուկն իր ծախսերը հաստատ կրկնակի կվերադարձնի (կամ արդեն իսկ մասամբ վերադարձրել է) Ադրբեջանում ունենալիք համերգի ընթացքում: Կամ էլ գուցե նրան առավել հոգեհարազատ են, ասենք, տաջիկ, ուզբեկ կամ ղրղըզ երաժշտասերները: Ինչպես ասում են` ճաշակի հարց է: Բայց այստեղ մեզ համար կարեւորը ոչ թե Շեւչուկի ասածը կամ դրա իրական մոտիվացիան է, այլ այն, թե ինչպիսի խանդավառությամբ են ռուս ռոքերի խոսքերը քննարկում սոցիալական ցանցերում` ասես նա ինչ-որ հերոսական մի բան է արել: Մինչդեռ երբ արտագաղթի մտահոգիչ պատկերի մասին խոսեց Շարլ Ազնավուրը, շատերի մոտ դա ընկալվեց իբրեւ ազգային դավաճանություն: Ահա այստեղ է, որ թաքնված է մեր մտածողության ամենակործանարար սխալը: Ազնավուրը, որի ասածն  անկեղծ ցավի հուսահատ ճիչ էր, արժանանում է պարսավանքի, իսկ ինչ-որ մի ռուս երգիչ, որի համար Հայաստանն ընդամենը կոմերցիոն  առումով ոչ գայթակղիչ երկիր է, ընկալվում է իբրեւ ճշմարտության ձայն: Իրականում հենց նման մտածողությունն է արտագաղթի խորքային պատճառը, երբ մենք պատրաստ ենք  հանդուրժել օտարի ապօրինությունները, սակայն ոչ մի դեպքում չենք կարողանում համակերպվել սեփական երկրում տիրող անարդարության հետ: Գուցե դա նրանից է, որ մենք իրականում չափից շա՞տ ենք սիրում մեր երկիրը` համակերպվելու համար նրանում տիրող տխուր  իրականության հետ: Բայց եթե այդպես է, ուրեմն պետք է ոչ թե փախչենք այդ իրականությունից, այլեւ պայքարենք այն փոխելու համար:




Լրահոս