Իհարկե կարելի էր սուգ հայտարարել, որովհետև դա մի սարսափելի կորուստ էր․ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը՝ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայի և դրան հաջորդած տեղահանումից հետո, Արցախի թեմը շարունակում է պահպանել իր կարգավիճակը և գործում է համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։ Արցախի թեմի հոգևոր սպասավորների մի մասը, հոգևոր ծառայությունը շարունակում են Հայաստանի Հանրապետությունում։

Տեր Մինաս քահանա Մովսիսյանը, նախքան սեպտեմբերյան ագրեսիան, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվն էր։

ArmLur.am-ը հեռախոսազրույց է ունեցել հոգևորականի հետ․

-Որտեղ եք շարունակում հոգևոր ծառայությունը։

-«Այժմ հոգևոր գործունեությունը ծավալում եմ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում՝ որպես հոգևոր պատասխանատու։ Նշանակվել եմ Կոտայքի թեմի առաջնորդի կողմից»։

-Ինչ եք կարծում, սեպտեմբերի 19-ի ագրեսիայի եվ դրան հաջորդած վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո, տեղին չէ՞ր սգո օր հայտարարելը։

-«Վերջին սարսափելի դեպքերի պատճառով մեր շատ եղբայրներ և քույրեր զոհվեցին, որը մեծ ցավ պատճառեց մեր հայ ժողովրդին։ Իհարկե կարելի էր սուգ հայտարարել, որովհետև դա մի սարսափելի կորուստ էր, սարսափելի դեպք էր, որին զոհ գնացին անմեղ մեր զավակները և չի կարելի դրա նկատմաբ անտարբեր լինել։ Պետք էր համաժողովրդական ցավ, սուգ հայտարարել, որպեսզի բոլորս մասնակից լինենք այդ ցավին, սուգին և աղոթքին։ Մեր Առաքելական եկեղեցին իր առաքելությունը, հոգևոր պարտքը կատարեց՝ հոգեհանգստյան արարողություններով»։

-Հոգևոր պատարագ մատուցում ե՞ք

-«Անցած կիրակի Սոլակ գյուղում անդրանիկ պատարագը մատուցեցի։ Դա իմ առաջին սուրբ արարողությունն էր՝ պատարագն էր։ Մասնակցողներ շատ եղան։ Պատարագին մասնակցեցին գյուղից և տարբեր տեղերից եկած հավատացյալ մեր քույրեր և եղբայրները։ Աղոթեցինք այս դժվարությունների հաղթահարման համար, աղոթեցինք մեր զոհերի և նահատակների համար։ Դրանով մեր հոգևոր գործունեության սկիզբը դրեցինք»։

Հայկ Ավանեսյան




Լրահոս