Նոյեմբերի 22-ին Երևանում ամփոփվել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունների արդյունքները։ Հայկական կողմից համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն:
Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ համանախագահները նշել են հիմնական կետերը, որոնց շուրջ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկա և էներգաարդյունավետություն, տեխնիկական մասնագիտական կրթություն, ջրային ենթակառուցվածքների զարգացում, տարածքային կառավարման բարեփոխումներ, նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաներ։
Համագործակցության շրջանակում ԳԴՀ-ի կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար։
Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել է համանախագահներ Վահան Քերոբյանի ու Նիլս Աննենի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։