Հայկական կողմի հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին մասնակցելուց չի համապատասխանում հանրապետության ժողովրդի շահերին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում: Մենք չենք կարծում, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և նպաստելու է անվտանգության, կայունության ամրապնդմանը: Հասկանում ենք, որ հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրային մարմինների աշխատանքները:
Ըստ էության, դա Երևանի համար դուռը բաց է պահում և նրան հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին: Լիահույս ենք, որ հայ դաշնակիցները կօգտվեն այդ հնարավորությունից»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյան չեն մասնակցելու ՀԱՊԿ շրջանակում կայանալիք հանդիպումներին։