Կատարյալ դժոխքի օրեր էին, որ հավերժ դաջված կմնան մեր սրտերում. ինչ է պատմում Արցախից բռնի տեղահանված Նելլի Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ասեմ 4 պատերազմ եմ տեսել, ապա դա ավելի քիչ է այն տառապանքների համեմատ, որ մենք տեսել ենք 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի ժամանակ: Կատարյալ դժոխքի օրեր էին, որ հավերժ դաջված կմնան մեր սրտերում: Ոչ մեկ չի կարող լիիրավ պատկերացում կազմել այդ օրերի և մեր ապրումների մասին, ինչ մենք ունեցել ենք այդ ողբերգության ժամանակ»,- ArmLur.am-ին պատմում է Արցախից բռնի տեղահանված Նելլի Սահակյանը:

Երկար տարիների ուսուցչի վաստակ ունի Նելլի Սահակյանը: Աշխատել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի միջնակարգ դպրոցում` որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դրանից հետո արդեն՝ դպրոցի տնօրեն: Շրջափակման օրերին, տեսնելով ժողովրդի ծանր ապրումները, ձեռնամուխ  է եղել արտադրամասի հիմնմանը: Առաջին հացն էլ ինքն է թխել:

«Մանկավարժը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում, որ պիտի պատվով կրել: Մանկավարժն առաքյալ է, որ զուտ մասնագիտական կարողություներից բացի պիտի ծառայի հասարակությանը: Նա պիտի այն գեղեցիկն ու լավը, որ ունի իր ներսում, հաղորդի դիմացինին՝ նրան օժտելով ապրելու կամքով: 44-օրյա պատերազմից հետո վնասված իմ արտադրամասը սեփական միջոցներով վերանորոգեցի, վերականգնեցի, հավաքեցի նախկին աշխատակազմը և հավասարապես բոլորի հետ սկսեցի հաց թխել: Օր ու գիշեր հաց էինք թխում: Մեր աշխատանքը գնահատվել է արժանավույնս և շատերը ասում էին. «այնքան թխվածքաբլիթից ու հացից չենք սնունդ ստանում, որքան ձեր լավ վերաբերմունքից, այն մեզ համար հոգևոր սնունդ է»»,- վերհիշում է մեր զրուցակիցը:

Տիկին Նելլին Արցախի բլոկադայից և այդ տաժանագին օրերից երկար խոսել չցանկացավ, միայն ասում է այն, որ ժողովուրդն այդ աղետը կանխել չէր կարող: Նելլի որդին՝ Արմենը, մասնակցել է քառօրյա, 44-օրյա և այս վերջին պատերազմին, որտեղ և ծանր վիրավորվել է:

«Իմ որդին բնավորությամբ չար, ըմբոստ, բայց միևնույն ժամանակ ուժեղ կամքի տեր, հայրենիքին նվիրված և, ինչպես Ղարաբաղում էին նրան ասում, տղամարդու թասիբ ունի: Միշտ ասում էր տղամարդը հացի կռիվ չպիտի անի, այլ զենքի: Զենքն է տղամարդու իրական պատկերը»,- իր որդուն այսպես է բնութագրում տիկին Նելլին և վերհիշում իր և որդու վերջին երկխոսությունը, ինչին անմիջապես հաջորդել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը:

«-Արմեն մեր վերջը ի՞նչ է լինելու:

-Ձերը չգիտեմ, բայց մենք՝ տղամարդիկ, կանանց ու երեխաներին հանելու ենք այստեղից, զենք ենք վերցնելու, կռվելու ենք ու պատվով մեռնելու ենք մեր հողի համար:

Միշտ իր ռազմական պայուսակը զենքի հետ պատրաստ էր պահում, երբ լսվեց հրթիռակոծության ձայնը, վերցրեց պատրաստի պայուսակը, զենքը ու դուրս եկավ։ Տանը և՛ զենք էր պահում, և՛ նռնակ: Միշտ ասում էր՝ ինչու պիտի թողնեմ թուրքը տունս մտնի՝ համ իրեն կպայթեցնեմ համ ինձ:

Տնից դուրս եկավ, ծխախոտը մոռացել էր, հետևից վազելով տարա տվեցի: Ընկերների մոտ էր, հանեց բաժանեց ու ինձ ասաց, որ տան ներքև նկուղ բացեմ, որ մարդիկ այնտեղ հավաքվեն, այնտեղ ավելի ապահով է, կրկնակի բետոնակալված և հորդորեց, որ երբ դուրս գանք, շանը՝ Գուչիին, անպայման տանեմ ինձ հետ»,- պատմում է Նելլի Սահակյանը:

Որդին՝ Արմենը, դիպուկահարից ծանր վիրավորվում է ստացել: Երեք օր Ստեփանակերտի հիվանդանոցում մնալուց հետո տեղափոխում են Երևան՝ վիրահատելու: «Գնդակը կպել էր կոկորդին, մեջքից դուրս եկել։ Նա նայում էր ինձ ու ժպտում, իմ «չար» ու ամենաբարի տղան՝ ի զարմանս ինձ, չէր հայհոյում, չէր գոռում»,-ասում է տիկին Նելլին։

Գաղթի անմարդկային ապրումներից խոսել չցանկացավ, միայն հիշեց մի դեպք.
«Երեխա կար մեզ հետ, անընդհատ կրկնում էր կամ հաց եմ ուզում, կամ ջուր եմ ուզում: Որոշեցինք մեր բախտակիցներից ալյուր ու ջուր խնդրել, կրակ անել ու հաց թխել: Ռուսներից թիթեղ էինք խնդրել, սիրով տվեցին: Երբ եկան ու տեսան, որ թիթեղի վրա հաց ենք թխում, մեկն ասաց. «Какие вы удивительные люди», պատմում է մեր զրուցակիցը:

Հիշելով իր տունը, իր հայրենի հողը՝ նա ասում է. «Երբեք չէի պատկերացնի, որ կլքեի Արցախ, որովհետև իմ էությունն իմ Արցախն էր, դրա համար վերջին կոպեկներս դնում էի տանս վերանորոգման համար: Չեմ ափսոսում, որ իմ տանը «հագցրել» էի ամենագեղեցիկ շորերը, զարդարել՝ ամենաթանկարժեք կահույքով, չէ՞ որ մայրն իր զոհված որդուն ևս հագցնում է ամենաթանկ ու ամենագեղեցիկ զգեստները…»

Նանիկ Աղասյան




Լրահոս