Թունավոր վայր գնալը վնասակար է առողջությանը, խուլիգանական տեղ է. Զարուհի Փոստանջյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն է:

-Տիկի՛ն Փոստանջյան, թեև դուք ներկա չէիք, բայց հետևել եք՝ ի՞նչ կատարավեց ավագանու նիստին՝ փոխադարձ հայհոյանքներ, ծեծկռտուք, միմյանց մազ քաշել, ջուր շփել իրար վրա: Ի՞նչ բնութագրում կտաք կատարվածին:

-Կուզանայի, որ նման բաներ չկրկնվեին, շատ տգեղ էր: Պետք է ամեն բան անել, որ նման միջադեպեր չկրկնվեն:

-Ըստ ձեզ՝ ովքե՞ր էին մեղավորները, ովքե՞ր հրահրեցին կռիվը:

-Մեղավորը օրենքն է, որ կարող է նման ավագանի ձևավորվել: Մեղավորին հասկանալու համար շատ հեռուն պետք է գնալ՝ դեպի 2009թ, երբ նման վատ օրենք ընդունվեց, որպեսզի նորմալ ավագանի ձևավորվի, ինքը պետք է լինի ճկուն օրենսդրության ներքո: Շատ խոցելի օրենսդրությամբ է ձևավորվել այս ավագանին, սա է հիմնական պատճառը, և, իհարկե, տիրող ընդհանուր իրավիճակը:

-Տիկի՛ն Փոստանջյան, ուշագրավ է, որ ավագանու կին անդամների մասնակցությամբ սկսվեց միջադեպը, այս մասին ի՞նչ կասեք:

-Կին կամ տղամարդ՝ կապ չունի: Սա նորություն չէր, ԱԺ-ում տեսել ենք նույն բանը: Դահլիճում մարդիկ իրենց վարքագիծը պետք է կառավարեն, բայց եթե թիվ մեկ պաշտոնյան հայհոյանքով է խոսում, էլ ի՞նչ ենք ուզում, այսինքն՝ հայհոյանքը մտցվում է մարդու առօրյա խոսակցության մեջ, սա պատահական չէ: Տարիներ շարունակ այս գործընթացը տեղի է ունենում, հիմնական հեղինակներից մեկն էլ հենց թիվ մեկ պաշտոնյան է

-Եթե դուք այդ նիստին ներկա լինեիք, ինչպե՞ս կվարվեիք:

-Իհարկե, պետք է հանդարտեցվեր, չէր կարող շարունակվել, բայց ես մի բան հասկացա, որ այդ ամենը կազմակերպված էր:

-Ու՞մ կողմից էր կազմակերպված:

-Ով շահ ունի այդտեղ, իհարկե, առաջին հերթին՝ այսօրվա իշխանությունների:

-Տիկի՛ն Փոստանջյան, իսկ պատճառը ո՞րն է, որ մանդատը պահել եք, բայց ավագանու նիստերին չեք մասնակցում:

-Անիմաստ եմ համարում այդ նիստերին մասնակցելը, միևնույն է, ոչ մի հարց չի լուծվում:

-Այդ դեպքում ինչու՞ եք մանդատը պահում, ինչպե՞ս եք այն օգտագործելու:

-Ինչու միայն նիստերին մասնակցելո՞վ է որոշվում գործունեությունը, հետևեք իմ ֆեյսբուքյան էջին ու կտեսնեք՝ ինչ աշխատանք եմ կատարում:

-Տիկի՛ն Փոստանջյան, ավագանու մյուս նիստերի՞ էլ չեք մասնակցելու: Եթե շարունակեք չմասնակցել նիստերին, ապա անհարգելի բացակայությունների պատճառով ձեզ կզրկեն մանդատից:

-Խուլիգանական վայր հաճախելը շատ տհաճ է, առանց այդ էլ այսօր ամենուր այդ վիճակն է, լրացուցիչ մի թունավոր վայր գնալը վնասակար է առողջության, դա խուլիգանական վայր է, նման տեղ հաճելի չէ գնալը:

-Հնարավո՞ր է առաջիկայում վայր դնեք մանդատը, եթե չեք ցանկանում մասնակցել նսիտերին:

-Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կվարվեմ, դա իմ որոշելիքն է:

Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս