Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, որոնց առաջարկվել է ՀՀ-ում զբաղվել պոռնկությամբ և դրա արդյունքում ձեռք բերված գումարները կիսվել խմբի մյուս անդամների հետ։
Մասնավորապես, նրանք հեռահաղորդակցման հարթակներով նամակագրություններ են վարել ՌԴ մի շարք քաղաքացիների հետ, նրանցից պահանջել են էրոտիկ բնույթի լուսանկարներ։ Ստանալով համաձայնություն՝ նրանց նկարներով անհատական էջեր են բացել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող ինտերնետային կայքում, կազմակերպել նշված անձանց ժամանումը ՀՀ և Երևան քաղաքի Բուզանդի փողոցում գտնվող շենքում, օրական վարձավճարով, նրանց տեղավորել բնակարաններում։
Հիշյալ ինտերնետային կայքի միջոցով տարբեր հաճախորդներ կապ են հաստատել խմբի անդամների հետ, ովքեր հաճախորդների հետ խոսակցություն վարելով, պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին և նրանց տվել բնակարանների հասցեները։ ՌԴ–ից ՀՀ ժամանած վերոնշյալ կանայք, ստանալով հաճախորդների տվյալները, ընդունել են նրանց, իսկ ստացված գումարի 50 տոկոսը փոխանցել խմբի անդամներին։
24-ամյա կնոջ՝ Երևանում գտնվող բնակության հասցեում՝ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կապոցներով, տարբեր տարադրամներով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, կանացի տարբեր անուններով, դրանց դիմաց մատուցված ծառայությունների արժեքներով գրառումներ։
Բջջային հեռախոսի զննությամբ ձեռք են բերվել վեջինիս կողմից կավատություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ, սեռական ծառայությունների մատուցման գովազդներ, սեռական ծառայություններ մատուցող անձանց հետ ամենօրյա հաղորդագրություններ, վաստակած գումարների հաշվարկներ և այլն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 24–ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և բացակայելու արգելքը։
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է։
Վարույթի շրջանակներում գրություններ են ուղարկվել կապի օպերատորներին՝ հիշյալ կայքը արգելափակելու նպատակով։