Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է․
«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:
Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»:
ArmLur.am-ը հայտել էր ԵՊՀ-ի պայթյունից տուժած քաղաքացիների անունները։
Այսպիսով, հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ առաջին գումարտակի 2-րդ վաշտի լեյտենանտ Հայկ Ղազարյանը՝ ծնված 1990 թվականին․ վերջինս ծխահարվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Մյուս տուժածը՝ ԵՊՀ աշխատակիցներ Սեյրան Բիչախչյանն է՝ ծնված 1953 թվականին, Ահարոն Հակոբյանը՝ ծնված 1957 թվականին։
Իսկ ահա պայթյունի հետևանքով մահացածը՝ Երևանի բնակիչ Ժորժիկ Խաչատրյանն է՝ ծնված 1950 թվականին Երևանում։