«Կարծում եմ` մի պաշտոնում երեք տարուց ավել մնալն էլ արդեն ճիշտ չէ, մարդիկ ոսկրանում են, ինչ-որ աստղային հիվանդություններով են սկսում հիվանդանալ»,-ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը երեկ պատասխանեց մեր մի քանի հարցերին, որոնք ի մի բերելով` դարձրեցինք հարցազրույց:-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Սարգսյան, արդեն գնացե՞լ եք Ձեր նոր աշխատավայր:-Այո՛, այսօր գնացել եմ (երեկ-Ա.Դ.), առաջին անգամ գնացել եմ, մինչեւ այդ հիմնականում գնացել-եկել եմ, բայց այսօրվանից գործի եմ եղել:-Իսկ արդեն հարմարվե՞լ եք Ձեր նոր աշխատանքին:-Դե ինչի՞ մասին է խոսքը, իհարկե հարմարվել եմ:-Իսկ ի՞նչ խորհուրդներ եք պատրաստվում տալ նախագահ Սերժ Սարգսյանին:-Առայժմ խորհուրդներ չեմ պատրաստվում… հունի մեջ կընկնեմ, կաշխատենք, կտեսնենք:-Կոնկրետ Ձեր խորհրդատվությունը վերաբերելու է հանցավորությա՞նը, ՆԳ համակարգի՞ն:-էդ ամեն ինչը կհստակեցվի, մեր հանրապետության նախագահն ընդհանրապես խորհուրդների կարիք չունի, ամեն ինչ գիտի, բայց ամեն դեպքում, կողքն եմ լինելու, աշխատելու եմ: Ուրի՞շ:-Պարո՛ն Սարգսյան, Դուք մի քիչ ակտիվ մարդ եք, մինչդեռ խորհրդականի պաշտոնն ավելի պասիվ աշխատանք է: Ո՞նց եք պատրաստվում համակերպվել:-Այդ հարցին հիմա չեմ պատրաստվում պատասխանել, որովհետեւ կյանքը ցույց կտա: Գիտեմ, որ իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու եմ, որպեսզի խորհրդականի իմ պաշտոնն էլ արժեւորեմ, հասկանամ, որ ես իմ տեղում եմ: Կաշխատեմ, նորմալ ա, էն պաշտոնից հետո էս պաշտոնում (ծիծաղում է-Ա.Դ.) կարծում եմ` դժվար չի լինի աշխատել: -Հայտնի է, որ ոստիկանապետի պաշտոնում բազմաթիվ դժվարությունների առաջ կանգնեցիք, քանի որ մարտի 1-ից հետո ինչքան վատ բաներ կային, կապվում էին ոստիկանության հետ: Դուք այդ ամեն ինչը երեք տարի շարունակ փորձեցիք հաղթահարել, բայց կարծես թե Ձեզ մի տեսակ չգնահատեցին: -Չէ՛, տենց խնդիր չկա, գիտեք ի՞նչ, մարդու մի անգամ նշանակում են, մի անգամ էլ հանելու են: Կարծում եմ` մի պաշտոնում երեք տարուց ավել մնալն էլ արդեն ճիշտ չէ. մարդիկ ոսկրանում են, ինչ-որ աստղային հիվանդություններով են սկսում հիվանդանալ: Կյանքը ցույց է տվել, որ տենց ա: Երեք տարին հերիք ա, ես բավարարված եմ շատ իմ պաշտոնավարումից, իմ աշխատանքից էլ առանձնապես դժգոհ չեմ, իմ աշխատանք ասելով` նկատի ունեմ համակարգի աշխատանքներից: Կարծում եմ` համակարգն իր խնդիրները լիովին իրագործել է, աշխատել է նորմալ, որեւիցե բաց չի ունեցել, բարեփոխումների առումով բավականի~ն լավ նորություններ , ձեռքբերումներ ենք ունեցել: Ես իմ աշխատած տարիներից, ամեն դեպքում, դժգոհ չեմ եւ դրան էլ ըմբռնումով եմ մոտենում. մեկ ա, մի օր նշանակվում ես, մի օր պիտի հանվես: Պետք չէ կառչել պաշտոնից, ու չեմ կարծում, որ այդ պաշտոնները հավերժական պիտի լինեն: Նորմալ ա, թող ամեն մարդ հարմարվի-հասկանա, որ երեք տարի աշխատում է, նշանակում է` գնահատվում է Հայաստանի ղեկավարության կողմից, ժողովրդի կողմից: Երեք տարին քիչ ժամանակահատված չէ աշխատելու համար, եթե ուզում ես քեզ դրսեւորես: Եթե չես դրսեւորել, մեկ ա` տասը տարի էլ աշխատես, չես դրսեւորի:-Համաձայն եմ, բայց, այնուամենայնիվ, Ձեր ազատման եւ նշանակման հրամաններից հետո խոսե՞լ եք նախագահի հետ, ինչո՞վ էր ինքը բացատրում Գասպարյանի` այսպես հապշտապ նշանակումը:-Չէ՛ դե, նախագահն ինձ շատ նորմալ, մարդավարի բացատրեց, որ ժամանակն է այս պահին, էդպես է պետք, ու այդքանը լրիվ բավական էր. ես դրանից հետո նախագահին ավելորդ հարցեր ինչո՞ւ պետք է տայի: -Այս ընթացքում մամուլում առաջ քաշվեց նաեւ «դավադրությունների տեսության» վարկածը, ըստ որի` ԲՀԿ-ի հետ ինչ-ինչ փոխհարաբերություններ եք ունեցել: -Իրականությանը չի համապատասխանում, էդպիսի բան չի եղել, հերյուրանքներ են ընդամենը, ԲՀԿ-ի հետ ես երբեւիցե խնդիր չեմ ունեցել:-Պարո՛ն Սարգսյան, այսօր Վլադիմիր Գասպարյանը Ձեր թիմակիցներին կա՛մ հեռացնում է, կա՛մ իրենք են ազատման դիմումներ ներկայացնում: Ձեր կարծիքով` այս գործընթացն ինչքա՞ն պետք է շարունակվի:-Չգիտեմ, նոր ղեկավար է… պաշտոններ կան, որ երեւի նպատակահարմար է գտնում, որ իր կողմից ճանաչված, իրեն ավելի վստահելի մարդիկ լինեն: Էնպես չի, որ իմ կողմից նշանակված մարդիկ պրոֆեսիոնալներ չեն: Բոլորն իրենց գործը գիտեն, աշխատում էին, բայց դե այսօր ինքն է որոշում, էսօր նոր ղեկավար է, թող իր թիմը ձեւավորի, կարծում եմ` դա էլ է նորմալ:-Փաստորեն, այնպես ստացվեց, որ պաշտոնանկությունների ուղղությունն արտաշատյան էր. Հովիկ Աբրահամյան, Ալիկ Սարգսյան…-Ես կխնդրեի ուղղակի, եթե պաշտոնանկություն եք անվանում, այդ երկուսն իրար հետ մի՛ կապեք: Հովիկ Աբրահամյանն էս պահին նախընտրական խնդիր է իրականացնում, եւ նախագահը երեւի թե ճիշտ տեսավ նրան այն տեղում, որտեղ նա ավելի օգտակար կլիներ մեր երկրին: Նախընտրական պրոցես է ղեկավարելու, ինչի՞ մասին է խոսքը: Իսկ իմն ընդհանրապես կապ չունի էդ նույն պաշտոնանկության հետ:-Մարզում ուրախացե՞լ են, որ հնարավոր է` Դուք վերադառնաք Արարատ, Ձեզ Արարատի մարզպետ նշանակեն:-Հնարավոր չէ, դա անհնար է, ես նախագահի կողքին կլինեմ, հենց էս պաշտոնում կաշխատեմ, կարծում եմ` ավելի օգտակար կլինեմ:-Այսինքն` վիրավորված չե՞ք նախագահից:-Վիրավորված չեմ նախագահից, իր կողքին լինելու եմ, մինչեւ վերջ աշխատելու:-Հայտնի է, որ Ձեր գործունեության ամենահայտնի գործը բանդայի գործն էր, բայց ինչ-որ անընդհատ խոսվում է, որ գողոնը հայտնաբերված չէ, հիմքեր չկան ձերբակալությունների համար: Արդեն որպես նախկին ոստիկանապետ` կարո՞ղ եք վստահաբար պնդել, որ իսկապես այն բանդան է ձերբակալվել, որն իրականացնում էր այդ կողոպուտները:-Նախ` բոլոր հիմքերը կան, եւ վերջապես` ձերբակալողը ես չեմ, դա բոլոր ատյաններով, դատախազության կողմից, դատարանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է եւ ներկայացվել կալանքի սանկցիային: Այնպես որ, բանդայի համար հանգի՛ստ եղեք, հանցագործներն իրենք են, գողոնն էլ կհայտնաբերվի, ամեն ինչ արվում է, ընթացքի մեջ է, այդ ամեն ինչը կհայտնաբերվի: Իսկ ինչ վերաբերում է, որ «ամենահնչեղ», չգիտեմ ինչ, ասեմ, որ ոչ պակաս հնչեղ շատ հանցագործություններ են բացահայտվել ոստիկանության ուժերով: Որ վերլուծեք, կհամոզվեք: Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ, ամեն դեպքում արվել է այն, ինչ հնարավոր է: Մի բան կարող եմ ասել. էս տարիների ընթացքում, բացի Գեւորգ Մհերյանի սպանությունից, որը տեղի ունեցավ իմ պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում, եւ որը` սպանությունը, արմատներով որեւիցե կապ չուներ ոստիկանության հետ, բոլորը դա գիտեն, եւ մենք էլ ենք դա պարզել, բացի դրանից, բոլոր հանցագործությունները` հիմնականում հնչեղություն պարունակող, բոլորը բացահատվել են: Որպես էդպիսին չբացահայտված չունենք:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐՄԱԼ, ՄԱՐԴԱՎԱՐԻ ԲԱՑԱՏՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ