Անտեղյակ առողջապահության նախարարը. խոսեց, հետո իրեն ուղղեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում իր ղեկավարած ոլորտին, նորություն չէ։ Հերթական անգամ ականատես եղանք մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարի՝ իր ղեկավարած ոլորտից անտեղյակության ևս մեկ դրսևորման։

Նախարարը այսօր կառավարութան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժած երկու պացիենտի մասին՝ ասելով, որ նրանց վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Եւ ահա այդ հայտարարությունից րոպեներ անց՝ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում շտապել է հերքել ինքն իրեն՝ հայտնելով տուժածներից մեկի մահվան մասին։

«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:
Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,- գրել է նա։

Արձանագրենք՝ լրագրողների հետ նրա ճեպազրույցը եղել է կեսօրից հետո՝ մոտավորապես ժամը 13-ի սահմաններում, ևս առնվազն տարօրինակ է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների այս զարգացվածության դարաշրջանում նախարարը տեղյակ չէ իր ոլորտի օպերատիվ ինֆորմացիայից։ Սա դեռ քիչ է՝ լրագրողներին մեկ օր առաջվա տվյալներ է հաղորդում։ Այնինչ՝ նա պարտավոր էր այդ տեղեկատվությանը տիրապետել ամենաօպերատիվ կերպով՝ հաշվի առնելով թեմայի կարևորությունը։ Սա սովորական պացիենտի մասին տեղեկություն չէ, այլ ԵՊՀ հրդեհի, որ իսկական շոկ էր հասարակության համար։

Միայն գովելի է, որ նախարարը շտապել է ինքն իրեն ուղղել, բայց միևնույն է, սա չի արդարացնում նրա անտեղյակությունը։




Լրահոս